Ապատեղեկատվություն են տարածում, թե բանկային գաղտնիքը խախտվում է. Թունյանը հակափաստարկներ է բերել

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում մանրամասներ է հրապարակել տարածված թյուր կարծիքից, թե համընդհանուր հայտարարագրման դեպքում խախտվում է «Բանկային գաղտնիքի մասին» կարգը:

«Եկամուտների հայտարարագրման համակարգի մասին խոսելիս որոշ մարդիկ ապատեղեկատվություն են տարածում, թե բանկային գաղտնիքը վերացվել է, և պետական կառույցներն ու դրանց աշխատակիցները կարող են ստանալ ցանկացած տեղեկատվություն ձեր բանկային հաշվի վերաբերյալ:

ՆՄԱՆ ԲԱՆ ՉԿԱ

  •  Պետությունը, պետական կառույցները ձեր բանկային հաշիվներին հասանելիություն չունեն:
  •  Պետությունը չի տեսնում՝ ձեզ ով է գումար փոխանցել կամ դուք ում եք փոխանցել:
  •  Պետությունը չի տեսնում՝ ձեզ քանի անգամ կամ երբ են գումար փոխանցել կամ դուք քանի անգամ եք փոխանցել:
  •  Պետությունը չի տեսնում՝ ամեն անգամ ձեզ որքան գումար են փոխանցել կամ դուք որքան եք փոխանցել:
  • Պետությունը չի տեսնում ձեր հաշվի մուտքերի կամ ելքերի նպատակները:

Ի՞նչ է տեսնում պետությունը (տվյալ դեպքում ՊԵԿ-ը):

  • Բանկից ստանում է ընդամենը 2 թիվ. ձեր հաշիվներին տարվա ընթացքում կատարված դրամական մուտքերի հանրագումարը և ելքերի հանրագումարը:

Ձեր բանկային հաշվի վերաբերյալ ցանկացած այլ տվյալի պետությունը կարող է հասանելիություն ունենալ միայն ձեր համաձայնությամբ (եթե դուք անհրաժեշտության դեպքում տրամադրեք քաղվածքը) կամ դատարանի որոշմամբ:

Մի հավատացեք ապատեղեկատվությանը»,- գրել է Թունյանը։

You may also like...