Վարդգես Սամսոնյանն առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ հնարավոր է սատարի Սարիկ Մինասյանին
Aravot.am-ի տեղեկություններով, Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը ժամանակավոր պաշտոնի է նշանակել Գյումրու նախորդ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի քրոջը՝ Հասմիկ Սամսոնյանին։
Նրան նշանակել է քարտուղարության բաժնի պետին փոխարինող, քանի որ պետը՝ Աննա Մեքինյանը, մեկնել է ֆիզարձակուրդ։
Ի դեպ, Վարդգես Սամսոնյանի քույրը քաղաքապետարանում աշխատում է վաղուց՝ Սամվել Բալասանյանի պաշտոնավարման ժամանակվանից։ Գյումրու քաղաքապետարանի նախկին պատասխանատուները մեզ պարզաբանեցին, որ այստեղ արտառոց ոչինչ չկա․
Հասմիկ Սամսոնյանը ընդհանուր բաժնում աշխատում է որպես գլխավոր մասնագետ, բաժինը տեղակալ չունի, հետևաբար և պետի բացակայության դեպքում նրա պարտականությունները դրվում են գլխավոր մասնագետի վրա, այսինքն՝ Սարիկ Մինասյանը գործել է ըստ օրենքի։
Ի դեպ, այս նշանակումն առիթ է տվել շատերին ենթադրելու, որ Գյումրու քաղաքային իշխանությունից հրաժարական ներկայացրած քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն առաջիկա ՏԻՄ ընտրությունների ժամանակ հնարավոր է սատարի Սարիկ Մինասյանին․ վերջիններս միասին աշխատել են Գյումրու քաղաքապետարանում՝ ջերմ ու լավ հարաբերությունների մեջ գտնվելով։
