Քննարկվում է ՀՀ-ի հետ համագործակցության ռազմավարական փաստաթուղթը. Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Ժիվկովիչի հետ
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱՄՆ կատարած իր աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչի հետ:
Այս մասին Petutyun.com-ին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարությունից։
Այնուհետև նախարար Հովհաննիսյանն ընդգծել է ինստիտուցիոնալ կարողությունների, այդ թվում՝ պետական համակարգի ներկայացուցիչների հիմնական մասնագիտական հմտությունների զարգացման կարևորությունը՝ նշելով, որ դեռ կան այնպիսի հատուկ հմտություններ, որոնք անհրաժեշտ է զարգացնել, և որոնք ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են:
Իվանա Ժիվկովիչը նշել է, որ այս պահին քննարկման փուլում է գտնվում Հայաստանի հետ երկկողմ համագործակցության ռազմավարական փաստաթուղթը, որը նախատեսում է հստակ ընդգրկել համագործակցության հիմնական ուղղությունները: Նախարարը կարևորել է, մասնավորապես, այդ փաստաթղթի շնորհիվ Հայաստանի ուշադրության կենտրոնում գտնվող գլխավոր կարիքների հասցեագրումը:
Նա անդրադարձ է կատարել նաև հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարությանը, որի իրագործումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, ուստի կարևոր է նաև դրա առանձին բաղադրիչների՝ երկկողմ համագործակցության ռազմավարական փաստաթղթի մեջ արտացոլումը:
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել առաջիկայում շարունակել հետևողական լինել հանդիպման ընթացքում քննարկված հարցերի հասցեագրման գործում:
