ՀՀ-ում 1 տարում կատարվել է 17,8 մլրդ դոլարի օնլայն խաղադրույք. հիվանդություն, թե կախվածություն, ինչպես ազատվել
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն՝ 2024 թվականին խաղատներում կատարվել է 106 տրիլիոն 407 միլիոն 491 հազար 420 դրամի խաղադրույք, խաղերի մասնակիցներին վճարվել է 97 տրիլիոն 522 միլիոն 783 հազար 890 դրամ շահում:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը նկատում է՝ վերջին 13 տարիներին ահագնացող տեմպերով աճում են վիճակախաղերի, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեյքերական ծառայությունների ծավալները։
Ըստ նրա՝ եթե 2010 թվականին դրանք կազմում էին շուրջ 35 մլն դոլար, ապա 2023 թվականին այն ավելացել է ավելի քան 440 անգամ՝ հասնելով 15.8 միլիարդ դոլարի։ Մինչդեռ հարկերը և տուրքերը աճել են ընդամենը 26 անգամ։
2010 թվականին 35 մլն դոլար շրջանառությունից հավաքվել է 2.6 մլն դոլար հարկ, կամ ծավալի 7.2%-ը: 2023 թվականին 15.8 միլինարդ դոլար շրջանառությունից հավաքվել է 67 մլն դոլար հարկ կամ ծավալի 0.4%-ը։
«Վերջին 5 տարիների ընթացքում մի շարք օրենսդրական փոփոխություններ իրականացվեցին, որոնք առաջին հայացքից գալիս էին սահմանափակելու և կրճատելու ծավալները, այնինչ դրանք էլ ավելի ամրապնդեցին գործող ընկերությունների դիրքերը և մեծացրին ծավալները։ 2019 թվականին այդ ժամանակ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նախագիծ հեղինակեց, որով արգելվեց բուքմեյքերական ընկերություններին գրասենյակ ունենալ, սակայն ես նկատել էի, որ դրանով խնդիրը չէր լուծվելու։
Իմ կատարած հարցումները ցույց էին տվել, որ այդ գրասենյակներում խաղում է 16 տոկոսը, 83․3 տոկոսը խաղում էր օնլայն հարթակով։ Դեռևս այդ ժամանակ քննարկումներում ընդգծում էի, որ չարիքը միայն գրասենյակները չեն, այլ նաև օնլայն խաղասրահները։ Օնլայն հարթակով մարդիկ ավելի շատ են խաղում»,- ասում է պատգամավորը:
Նրա խոսքով՝ գրասենյակները այդ նախագծով փակվեցին, փոխարենը մարդիկ հայտնվեցին օնլայն հարթակներում, որտեղ մուտք գործելու համար ավելի քիչ ժամանակ են ծախսում: Նա հիշեցնում է նաև «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում արված փոփոխությունը․ եթե մարդիկ ցանկանում են խաղալ, ապա ստիպված պետք է քարտային հաշիվ բացեն:
«Դա գործում է 2024 թվականի հոկտեմբերից, գուցե որոշ չափով ազդի խաղադրույքների հետագա ծավալների վրա, բայց էական փոփոխություն չի լինի։ 2023 թվականին, օրինակ, խաղադրույքների ծավալը հասել է 4 տրիլիոն դրամի։ Այս իմաստով հարկերի ծավալը նվազել է համախառն շրջանառության մեջ, եթե 2010 թվականի ընդհանուր շրջանառության 7 տոկոսը հարկ էր դառնում, հիմա շրջանառության 0․5 տոկոսն է հարկ դառնում։ Չնայած Ֆինանսների նախարարությունն ասում Է՝ հարկերը բարձրացրել են 20 տոկոսով, բայց խաղադրույքների ծավալն աճել է տասնապատիկ»,- կարծում է Սարգսյանը:
Պատգամավորը հայեցակարգ է մշակել, խնդրի լուծման համար նա երեք տարբերակ է առաջարկում. «Նախ, օրենքով արգելել բոլոր տեսակի շահումով խաղերը, մոլախաղերը և բուքմեյքերական գործունեությունը, ինչպես, օրինակ, Արաբական Միացյալ Էմիրություններում է, Կատարում, Իրանում, ԱՄՆ որոշ նահանգներում։
Գործունեության արգելքը կբերի նրան, որ այս ուղղությամբ մեր քաղաքացիների կողմից ծախսվող գումարները կուղղվեն տնտեսության այլ ճյուղեր, այս քայլով 15.8 միլիարդ դոլարից ոչ թե կհավաքվի 0.4% հարկ, այլ շատ ավելի, քանի որ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը մոտ 20% է։ Արդյունքում կշահեն և՛ մոլախաղերով տարված քաղաքացիներն ու նրանց ընտանիքի անդամները, և՛ տնտեսության այլ ոլորտներում ներգրավված քաղաքացիները։
