ՆԳ նախարարն ու Չեխիայի դեսպանը պատրաստակամություն են հայտնել շարունակել ու ընդլայնել համագործակցությունը
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 30-ին ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին:

Սարգսյանն ընդգծել է, որ ԵՄ-ն ՆԳ նախարարության բարեփոխումների հարցում առանցքային գործընկերներից է:
Պետր Պիրունչիկը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Արփինե Սարգսյանին շնորհավորել է նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Դեսպանը բարձր է գնահատել ՆԳ նախարարությունում ընթացող տպավորիչ բարեփոխումները՝ մասնավորապես ընդգծելով Ոստիկանության ոլորտի բարեփոխումներն ու ՆԳ նախարարության ձևավորման և կայացման գործընթացը։

Քննարկվել են տարբեր ուղղություններով փորձի փոխանակման հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել նաև վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին և թվայնացման գործընթացին։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու համագործակցությունը՝ նպաստելով երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,- ասված է ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ:
