Շիրակի մարզպետն այսօր հանդիպել է Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ (լուսանկարներ)
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների հետ հանդիպել է Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին՝ ծրագրերի համակարոգողներ Արեգ Բադալյանին և Ռիմա Կաբրիլյանցին:Այս մասին Petutyun.com-ին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Հանդիպման ժամանակ քննարկվել են 2024թ-ի հոկտեմբերից Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից մեկնարկած «Խոցելի համայնքներում կենսապահովման և տնտեսական կենսունակության խթանում» ծրագրին առնչվող հարցեր։

Ծրագիրն իրականացվում է միաժամանակ Հայաստանում և Լիբանանում՝ երկու տարի ժամկետով։
Այն ուղղված է հակամարտությունից տուժած համայնքների կենսապահովման և տնտեսական կենսունակության խթանմանը։

Ծրագիրը միտված է ապահովել կարճաժամկետ զբաղվածություն և կայուն ապրուստի միջոցներ փախստականներին և խոցելի խմբերին՝ ընդլայնելով տեղական տնտեսությունների ենթակառուցվածքները, ինչպես նաև կազմակերպելու կենսապահովումը կարճաժամկետ և կայուն լուծումներով։

Դավիթ Առուշանյանը կարևորել է ծրագրի իրանականացումը, քանզի այն միտված է խոցելի խմբերի հզորացմանն ու տնտեսական դիմակայունության բարձրացմանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ծրագրի բաղադրիչները և համաձայնություն ձեռք բերել համագործակցել ծրագրի իրականացման ընթացքում՝ համակարգելով հետագա քայլերը և գործողությունները՝ հաշվի առնելով Շիրակի մարզի առաջնահերթություններն ու կարիքները։
