ԶՊՄԿ-ի ղեկավարության եվ աշխատակիցների հանդիպումն ավարտվել է առանց համաձայնության
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում արդեն 5-րդ օրն է` աշխատանքները դադարեցված են։ Գործադուլ հայտարարած աշխատողները պահանջում են աշխատավարձի 120-150 հազար դրամի բարձրացում։
Օրվա ավարտին գործարանի ղեկավար կազմը հանդիպել են աշխատակիցների հետ, քննարկել նրանց ներկայացրած պահանջները։
Քիչ առաջ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության և աշխատակիցների հանդիպումն ավարտվել է առանց համաձայնության։
Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը, ով նույնպես մասնակցել է հանդիպմանը։
«Մոտ 2 ժամ քննարկում ենք ունեցել, բավականին լուրջ, կառուցողական քննարկում էր։
Քննարկվել են մի շարք աշխատանքային հարցեր, պատճառները, որոնք բերել են այս հետևանքին, երկուստեք եղել է կառուցողական մոտեցում, բայց ընդհանուր դիրքորոշումների մեջ փոփոխություն չկա»։
Նա նշեց, որ գործադուլը շարունակելու են, գուցե ռազմավարության մեջ փոփոխություններ լինեն։
Հիշեցնենք, որ արդեն 5-րդ օրն է ԶՊՄԿ հարյուրավոր աշխատակիցներ գործադուլ են անում՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։ Կառույցի ղեկավարությունը, սակայն, պահանջն անիրատեսական է համարում։
