Մեր նկատմամբ հոգեմետ դեղամիջոցներ չեն կիրրառվում. Արայիկ Հարությունյանը՝ Բաքվի դատարանում
Փետրվարի 6-ին Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության և քաղաքացիական անձանց նկատմամբ ավելի վաղ մեկնարկած շինծու դատվարությունը:
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, դատաքննության սկզբում ելույթ է ունեցել ԼՂ նախկին նախագահ, որպես ամբաստանյալ ներկայացված Արայիկ Հարությունյանը:
Վերջինս, ըստ ադրբեջանական մամուլի, սուտ է անվանել հայաստանյան լրատվամիջոցներում շրջանառվող՝ քրեական գործով մեղադրյալների նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրելու և նրանց նկատմամբ հոգեմետ դեղեր օգտագործելու մասին լուրերը:
«Հայաստանյան լրատվամիջոցներում և այլուր մշտապես քննարկվում են մեր կալանքի պայմանները։ Ինչպես հասկացա, ՀՀ վարչապետն էլ հայտարարել է, որ, իր կարծիքով, մեզ վրա հոգեբանական ճնշում է գործադրվում, օգտագործվում են նաև հոգեմետ դեղեր։
Ամենից շատ անհանգստանում եմ մեր ընտանիքների ու հարազատների համար: Նշեմ, որ ծանոթ եմ կալանքի պայմանների մասին օրենքին։ Կալանավայրում պահպանվում են բոլոր օրենքները, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պարբերաբար այցելում է մեզ։ Մենք հնարավորություն ունենք հեռախոսով խոսել ընտանիքի անդամների հետ։
Մեր բուժումը կալանավայրում իրականացվում է օրենքի շրջանակներում, մեզ վերաբերվում են օրենքով։ Նախաքննության ընթացքում քննիչները հարգել են մեր իրավունքները։ Փաստաբանները միշտ էլ մասնակցել են հետաքննությանը։ Հատկապես ուզում եմ նշել, որ մեզ վրա ճնշում չի գործադրվել։
Նախաքննության ընթացքում մեզ միշտ վերաբերվել են օրենքի սահմաններում։ Շնորհակալություն»,- իր խոսքում ասել է Հարությունյանը (ԼՂ նախկին նախագահի խոսքերի բառացի մեջբերումն ադրբեջանական լրատվամիջոցներից է-ԽՄԲ.):
ԼՂ արտաքին գործերի նախկին նախարար, որպես ամբաստանյալ ներկայացված Դավիթ Բաբայանը ևս դատարանին խնդրել է իրեն խոսք տալ։
Դատարանը բավարարել է Բաբայանի ցանկությունը։
Վերջինս իր խոսքում նշեց, որ գոհ է կալանքի պայմաններից, իր կամ մյուս մեղադրյալի վրա ճնշում չի գործադրվել:
«Իմ անունից ուզում եմ ասել, որ այստեղ մեզ վրա ճնշում չի գործադրվել։ Մեզ ամեն անգամ հարգանքով են վերաբերվում։ Մենք քաջություն ունենք ճշմարտությունն ասելու։ Ճշմարտությունը սահմաններ չի ճանաչում: Տեղը, որտեղ մեզ պահում են, լավն է»,- ասել է Բաբայանը (ԼՂ նախկին ԱԳ նախարարի խոսքերի բառացի մեջբերումն ադրբեջանական լրատվամիջոցներից է-ԽՄԲ.)։
Դատավարությունը կշարունակվի առաջիկա օրերին:
Հիշեցնենք՝ 2548 դրվագով հավաքված կեղծ և ակնհայտ հորինված ապացույցների հիմքով որպես մեղադրյալներ են անցնում ընդհանուր առմամբ 15 անձինք՝ ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, ԼՂ Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ԼՂ արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև քաղաքացիական անձինք՝ Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը:
ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործն» առանձին են քննում։
Հիշեցնենք նաև, որ նախորդ նիստին դատարանը մերժել էր 15 գերեվարված անձի խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու միջնորդությունը։
Նույն դատարանում համաժամանակյա ընթացող ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին առնչվող նիստում դատարանը տվել էր ևս 10 օր՝ Վարդանյանին ու պաշտպանին շինծու գործի նյութերին ծանոթանալու համար։
Նրա գործը քննվում է ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործից առանձնացված։
Վարդանյանի պաշտպանը միջնորդել էր նրա գործը միացնել մյուս ղեկավարների գործին և քննել միասին, սակայն դատարանը մերժել էր այդ միջնորդությունը։
