ԶՊՄԿ-ն պատրաստ է կատարել ցուցարար աշխատողների պահանջները, եթե նրանք դադարեցնեն գործադուլը. Արհմիության նախագահ
Ես որևէ իրավասություն չունեմ ասելու, թե ԶՊՄԿ-ն պետք է կտրուկ բարձրացներ աշխատողների աշխատավարձը, թյուրիմացություն է տեղի ունեցել, ես գործընթացներն եմ նկատի ունեցել, որ չի կարող կտրուկ լինել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Էդուարդ Փահլևանյանը՝ անդրադառնալով իր նախորդ հարցազրույցին:
«Ես ավելի լավ կլիներ աշխատանքից դուրս գայի, ես դրա իրավասությունը չունեի ու չէի կարող դա նկատի ունենալ,այդպես բանակցություն չեն վարում: Ես որևէ մեկից կաշկանդված չեմ: Արհմիությունները պետք է ձգտեն աշխատել միայն օրենքի սահմաններում»,- շեշտեց նա:
Փահլևանյանը նշեց, որ հունվարի 31-ին իրենից հարցրել են ինչ անել, ինքը պատասխանել է, որ պետք է բողոքը մտցնել օրինական դաշտ: «Ասացի՝ կա գործընթաց աշխատանքային օրենսգրքի 11-րդ գլխի հիման վրա 74,75,76 և այլ հոդվածներ, որ մենք կարող ենք դա օրինականացրել ու խուսափել աշխատողների հանդեպ սանկցիաներից ու տույժ-տուգանքներից:
Պետք էր աշխատանքային օրենսգրքի հիման վրա գնալ և քվեարկել, ինչն էլ արեցին: Մենք խորքային պահերը ներկայացրել ենք մեր գործադուլ անող աշխատողներին, որ տղաներ, եթե հավաք և փակ քվեարկություն ենք անում, ուրեմն մենք պետք է տանք ժամանակահատված՝ օրենքով սահմանված կարգով, որ դուրս գանք աշխատանքի, հետո գործադուլ սկսվի: Իրենք չցանկացան՝ հիմնավորելով` եթե հիմա վերադառնան աշխատանքի, հետո դժվար կլինի նորից աշխատողներին ոտքի հանել»,- պատմեց նա:
Միևույն ժամանակ Փահլևանյանը նշեց, որ այս պահին էլ Կոմբինատը պատրաստ է բավարարել աշխատողների երեք պահանջները՝ աշխատավարձի բարձրացում, աշխատանքային պայմաններ և ապահովագրություն, եթե նրանք դադարեցնեն գործադուլը:
Հարցին՝ եթե պատրաստ են բավարարել աշխատակիցների պահանջները, ինչո՞ւմն է խնդիրը, մեր զրուցակիցը պարզաբանեց, որ աշխատակիցները միանվագ գումար են պահանջում՝ սկզբում 100 հազար դրամ, հիմա արդեն 50 հազար դրամ:
«Խնդիրը նա է, որ իրենք վերջին պահին առաջարկեցին գոնե 50 հազար բոլոր աշխատողներին տան: Տնօրինությունից ասացին, որ իրենց ահռելի մեծ վնաս է հասցված ու որ չեն կարող նրանց հավելավճար կամ պարգևավճար տալ: Ասացին՝ եթե ես հիմա դա տան, ի՞նչ երաշխիք են ունենալու որ աշխատավարձը կբարձրացնեն»,- ներկայացրեց նա, ապա հավելեց, որ հիմա եթե գործընթացը սկսվի, Կոմբինատն աշխատի, անմիջապես բանակցությունները կսկսվեն, կձևավորվի հանձնաժողով, որ բանավոր տված խոստումները իրականանան:
«Այս պահի դրությամբ, որևէ խնդիր բանակցային պահով չունենք տնօրինության հետ, տնօրինությունը բոլոր երեք պահանջներին համաձայնել է: Ուղղակի այնպիսի մի իրավիճակ է, որ ցուցարարները չեն ուզում ետ կանգնել, մենք հնարավորինս ամեն ինչ անելու ենք, որ Կոմբինատն աշխատի»,- հավելեց Արհմիության նախագահը: