ԶՊՄԿ-ից աշխատանքից ազատված գործադուլավորները կարող են դատարանի միջոցով վերականգնել աշխատանքը․ Վարդանյան
«ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով արգելվում է աշխատանքից ազատել կամ լուծարել աշխատանքային պայմանագիրը գործատուի նախաձեռնությամբ, եթե մինչ այդ հայտարարվել է գործադուլ։
Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանը։
Նշենք, որ արդեն 9-րդ օրն է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ-ի աշխատակիցները գործադուլ են անում՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։ Կոմբինատի ղեկավարությունն աշխատակիցների պահանջին հակառակ երեկ հաղորդագրություն տարածեց,որ 8 հոգի ազատված է աշխատանքից ՝գործադուլին մասնակցելու պատճառով ։
Իրավաբանի խոսքով՝ արդեն հայտարարված գործադուլի ընթացքում նման գործողոթյունը դիտվում է աշխատանքային իրավունքների խախտում։
«Ողջ գործադուլի ընթացքում գործատուի կողմից ազատված քաղաքացիները կարող են դիմել դատարան և պաշտանել իրենց իրավունքները, քանի որ այն օրենքի խախտմամբ է իրականացվել և կարող են վերականգնել իրենց աշխատանքային իրավունքները»,- ասաց Վարդանյանը։
Նրա դիտարկամամբ՝ առհասարակ հանքարդյունաբերական ընկերություններում աշխատողները պետք է վարձատրվեն ավելին, քանի որ ծանր ու վտանգավոր աշխատանք են կատարում։ Հակառակ դեպքում՝ այլ աշխատանքի կարող են անցնել։
«Մարդիկ իրենց պետք է սոցիալապես ապահով զգան։ Բացի դրանից, օրենսդրությունը նախատեսում է վտանգավոր ոլորտներում սանիտարական նորմերի պահպանություն, առողջության վրա բացասական ազդեցության նվազեցում և այլ նորմերի պահպանություն։
Անվտանգության նորմերի մեծ ցանկ կա և բոլոր հանքարդյունաբերողներն ու վտանգավոր արտադրամասերի պատասխանատուները պետք է պահպանեն այն։
Հետևաբար, այդ մարդկանց իրավունք է պահանջել և՛ աշխատավարձի բարձրացում, և՛ վտանգավոր աշխատանքի դիմաց փոխհատուցում, և՛ հատուկ սանիտարական պայմանների ապահովում, որը կնվազեցնի իրենց առողջության վրա բացասական ազդեցությունը։ Այսինքն՝ այն , ինչ հիմա անում են ԶՊՄԿ-ի աշխատակիցները»,- նշեց իրավաբանը։
Նազելի Վարդանյանի համար զարմանալի է նաև այն, որ Կառավարությունից որևէ արձագանք չկա՝ ԶՊՄԿ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասով։
«Բացի այն, որ կառավարությունը պետք է երաշխավոր լինի իր քաղաքացու սոցիալական, աշխատանքային մյուս սանիտարական պայմանների համար, կառավարությունը 20 տոկոսից ավելի բաժնեմաս ունի ԶՊՄԿ-ում, այսինքն՝ անհատապես պատասխանատվություն է կրում։
Սակայն, ինչպես տեսնում ենք, որևէ արձագանք չկա։ Ստացվում է, որ նույնիսկ պետության բաժնետեր լինելու պարագայում էլ ոլորտում որևէ բան չի փոխվում, նույնիսկ աշխատնքային իրավունքների պաշտպանության առումով»,- ընդգծեց Վարդանյանը։
