Ստեփանավանի հրդեհից տուժածներին ըստ հրատապության կտրամադրվի անհրաժեշտ օգնություն. անցկացվել է խորհրդակցություն
Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասում տեղի ունեցած հրդեհի հետևանքների վերացման համար փետրվարի 8-ին, Ստեփանավանի համայնքապետարանում անց է կացվել խորհրդակցություն:

«Քննարկվել են Աշոտաբերդ թաղամասի բազմաբնակարան փայտե շենքում տեղի ունեցած հրդեհի հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և առաջիկա անելիքները։
Նշվել է, որ տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով։ 29֊ը քաղաքացի տեղավորվել են հյուրանոցներում, 13֊ը՝ հարազատների բնակարաններում են։
Տարհանված քաղաքացիներից 6֊ը անչափահաս երեխաներ են։
Բոլոր ընտանիքներն ապահովված են սննդով և հիգիենիկ անհրաժեշտ պարագաներով, ըստ հրատապության՝ նաև դեղորայքով։

Համայնքապետարանի աշխատակիցների կողմից ներկայացվել է, որ կատարվել է առաջնային գնահատում, ըստ հրատապության՝ բնակիչներին կտրամադրվի անհրաժեշտ օգնություն։
Բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի հետևանքով բուժօգնության է դիմել 8 քաղաքացի, որից 3-ը տեղափոխվել են Երևան, 1 անձ բուժում է ստանում Ստեփանավանի բժշկական կենտրոնում։ Մյուս քաղաքացիները ստացել են առաջին բուժօգնությունն ու դուրս գրվել հիվանդանոցից։ Նրանցից 1-ը Փրկարար ծառայության աշխատակից է, որը ստացել է ձեռքի թեթև վնասվածք։
Հանձնարարվել է արձագանքել քաղաքացիների բոլոր խնդիրներին և արագ տալ լուծումներ»,- ասված է Լոռու մարզպետի աշխատակազմի հրապարակած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ փետրվարի 8-ի առավոտյան, ժամը 4:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի փայտաշեն շենքերից մեկում:
Մեկ անձ զոհվել է: Բուժօգնության է դիմել 8 քաղաքացի, որից 3-ը տեղափոխվել են Երևան, 1 անձ բուժում է ստանում Ստեփանավանի բժշկական կենտրոնում։ Մյուս քաղաքացիները ստացել են առաջին բուժօգնությունն ու դուրս գրվել հիվանդանոցից։
Բոլոր ընտանիքներն ապահովված են սննդով և հիգիենիկ անհրաժեշտ պարագաներով, ըստ անհրաժեշտության՝ նաև դեղորայքով։
