Աննա Հակոբյանը շրջայց է կատարել «Քատարա» մշակութային գյուղակում (լուսանկարներ)
ՀՀ վարչապետի տիկին և «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը հայկական պատվիրակության հետ միասին շրջայց կատարեց Կատարի մայրաքաղաք Դոհայում գտնվող «Քատարա» մշակութային գյուղակում (Katara Cultural Village)՝ ծանոթանալու հիմնադրամի կրթական, մշակութային, հետազոտական և սոցիալական ծրագրերին։
Տիկին Հակոբյանին ուղեկցում էին հիմնադրամի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչները՝ գլխավոր տնօրեն Խալիդ ալ Սուլաիթիի գլխավորությամբ, ովքեր ներկայացրեցին տարբեր բաժինների հիմնական գործունեությունը։
Այս կարևոր հանդիպումն ու շրջայցը ևս մեկ քայլ են «Իմ Քայլը» բարեգործական և «Քատարա» մշակութային հիմնադրամների միջև ձևավորված համագործակցության խորացման ճանապարհին: Առաջիկայում նոր համատեղ նախաձեռնություններ են նախատեսվում, որոնք կնպաստեն մշակութային և սոցիալական ոլորտների զարգացմանը։
“Իմ Քայլը” հիմնադրամի և «Քատարա» մշակութային հիմնադրամի միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները սկիզբ էին առել դեռևս անցյալ տարվա մայիսին, երբ հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը այցելել էր Դոհա և շրջայց կատարել «Քատարա» մշակութային գյուղակում։
Այդ հանդիպումից ի վեր նախաձեռնվել և իրականացվել են մի շարք կարևոր ծրագրեր, որոնք նպաստել են հայ-կատարական մշակութային և սոցիալական կապերի ամրապնդմանը:



