Անընդունելի է. ԶՊՄԿ-ն` ընկերության գործունեությունը խոչընդոտելու կոչերի մասին

ԶՊՄԿ-ն հայտարարում է, որ ընկերության հետ առնչություն չունեցող անձինք, հրապարակայնորեն և ուղղակի սպառնալիքներով կոչ են անում իրենց աշխատակիցներին չգնալ աշխատանքի և խոչընդոտել ընկերության գործունեությունը։

Այս մասին տեղեկանում ենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի «Ֆեյսբուք»-ի էջից։

«Մենք սա համարում ենք անընդունելի և ակնկալում ենք իրավապահ մարմիններից այս փաստերի մանրամասն ու համապարփակ քննություն։ Արտաքին սադրիչների մասնակցությունը խանգարում է ընկերության ղեկավարության և կոլեկտիվի միջև կառուցողական աշխատանքային մթնոլորտին»,- նշված է գրառման մեջ:

Հիշեցնենք՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ  ընկերությունը սկսել է անօրինական գործողությունների և արտադրության սաբոտաժը հրահրող և կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթաց՝ խստորեն պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջները:

Ընկերության մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ ընկերությունը օրական մոտ 400 միլիոն դրամի վնաս է հասցվել, իսկ պետությունը միայն հարկերի տեսքով կրել է օրական ավելի քան 100 միլիոնի դրամի վնաս։

Նշենք՝ արդեն գրեթե մեկ շաբաթ կոմբինատի աշխատակիցները գործադուլ են անում, իսկ փետրվարի 5-ին աշխատակիցների ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության միջև բանակցություններ էին ընթացել, որոնք ավարտվել էին անարդյունք։

Գործադուլի դուրս եկած աշխատակիցները պահանջում են աշխատավարձի արժանապատիվ բարձրացում՝ անընդունելի համարելով տնօրինության առաջարկները։

You may also like...