Ուզում են համոզել՝ նոր ավտոբուսներով հնարավոր է մարդկանց 65 դր․ տեղափոխել, մանիպուլյացիան չափ ունի՞․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշել է, թե վերջերս սկսել են հայտարարել՝ տրանսպորտի ինքնարժեքը 65 դրամ է՝ մեկ ուղևորափոխադրման համար։

«Ես չեմ պատկերացնում՝ այդ թվերը որտեղից են վերցնում։ Կարող էին ասել 23 դրամ կամ 6 դրամ։ 6 դրամն ավելի լավ է հնչում։
Մինչդեռ մենք ամսական մոտավորապես «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ծախսը 1.8 մլրդ դրամ է, դեռ չհաշված գնված ավտոբուսները»,- ասել է քաղաքապետը՝  նշելով, որ իրականում մեկ ուղևորափոխադրման ինքնարժեքը 200 դրամ է։

Նրա խոսքով՝ քաղաքապետարանի միակ խնդիրն այն է, որ արված աշխատանքն ավելի լավ ներկայացնեն, և այս պարզ ճշմարտությունները մարդկանց հասանելի դարձնեն․ «Որովհետև երբ մենք չենք խոսում, խոսում են մանիպուլյացիայի լեզվով, ու մարդիկ դա են լսում։

1990-ականների վերջից ուղևորափոխադրումը 100 դրամ է եղել։ Հիմա ուզում են համոզել, որ նոր 12 մետրանոց գերմանական ավտոբուսներով և 8.5 մետրանոց մեր նոր պարկով հնարավոր է մարդկանց 65 դրամով տեղափոխել, իբր դա է ինքնարժեքը։ Ասում եմ՝ կարող էին հայտարարել 6 դրամ, 7 դրամ, ձրի»։

Ավինյանը նկատեց․ «Մանիպուլյացիան չափ ունի՞, սահման ունի՞։ Ինչ-որ մի կետում ավարտվելո՞ւ է մարդկանց մասսայաբար խաբելու պրակտիկան»։

You may also like...