ՀՀ-ում բոլոր կուսակցությունները գործել են ՀՅԴ-ի գաղափարախոսության ներքո. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկայացրել է «Իրական Հայաստանի ռազմավարության» էությունը։
Պատասխանելով հարցին, թե ինչ գաղափարից ենք մենք տրանսֆորմացվում. մենք իրականում եղել ենք ՔՊ-ՀՅԴ, այսինքն՝ ՀՀ-ում իշխած, խորհրդարանում տեղ գրաված, քաղաքական գործունեություն ծավալած բոլոր կուսակցությունները դուրս են եկել ՀՅԴ-ի գաղափարախոսությունից և գաղափարաբանությունից»,- ասել է նա։
Վարչապետի խոսքով՝ նախկին գաղափարախոսության էությունն ու իմաստն այն է, որ ՀՀ-ն հենման կետ է ավելի բարձր ազգային նպատակների հասնելու համար, ավելի մեծ ազգային խնդիրներ լուծելու համար․
«Եվ տրանսֆորմացիան, որ հիմա տեղի է ունենում, այն է, որ մենք ասում ենք՝ ոչ, Հայաստանի Հանրապետությունը ինքն է ազգային բարձրագույն նպատակ, Հայաստանի Հանրապետությունից ավելի բարձր ազգային նպատակ չկա, Հայաստանի Հանրապետությունը ոչ թե հենման կետ է կամ ֆորպոստ է ինչ-որ ավելի լավ կամ ավելի մեծ հայրենիք ունենալու համար, այլ Հայաստանի Հանրապետությունն այն հայրենիքն է, որը մենք ունենք և մենք այն չպետք է օգտագործենք ուրիշ հայրենիքի համար։
Սա հենց այն հայրենիքն է, որը մենք երազել ենք, և որը մենք ունենք։ Հետևաբար, մեր բոլոր ազգային և պետական իդեալները պետք է իզոլացվեն Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի մեջ։ Որն է այստեղ վատ լուրը։
Վատ լուրն այն է, որ մենք, ցավոք սրտի, այս եզրակացություններին և համոզմունքին եկել ենք ձեզ հայտնի իրադարձությունների բերումով, բայց եթե մենք ի վիճակի լինեինք մեր պատմությունից դասեր առնել, մենք գաղափարապես դաշնակցական չէինք լինի, կլինեինք ինչ-որ ուրիշ բան։
Մենք մեր պատմությունից դասեր առնելու խնդիր ունենք, բայց 2020 թվականն էլ մեր պատմությունն է, և գոնե հիմա մենք այդ դասերը պետք է առնենք»,- մանրամասնել է Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ պետք է խնդիր դնենք մեր տարածաշրջանում առանց արտաքին օգնության ապրելը հնարավոր դարձնելը․ «Մեր ֆունդամենտալ խնդիրն այն է, որ մենք շատ վաղուցվանից համարում ենք, որ մեր տարածաշրջանում ապրելու համար մեզ արտաքին օգնություն է պետք։
Սա մեր մտածողության ֆունդամենտալ խնդիրն է, և այդ պրոբլեմից են բխում մի շարք խնդիրներ, որ մենք ունենք։ Առանց օգնության ապրելու բանաձևը բացարձակապես չի նշանակում մեկուսացում աշխարհից։ Խոսքը մեր արտաքին հարաբերությունների ընկալման կերպի մասին է»։
