ԶՊՄԿ-ն  հաջողվեց վերադառնալ բնականոն հուն. տնօրեն

«ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին ուղերձ է հղել կոլեկտիվին՝ շնորհակալություն հայտնելով արտադրական գործընթացի վերսկսմանն ուղղված ջանքերի համար։

«Մեզ հաջողվեց վերադառնալ աշխատանքային բնականոն հուն՝ ի հեճուկս գործադրվող բազմաբնույթ ճնշումների և գնահատականների՝ գիտակցելով Ընկերության ռազմավարական և տնտեսական նշանակությունը մարզի և Հայաստանի Հանրապետության համար։

Վերահաստատում ենք այս օրերին Ընկերության կողմից կայացրած որոշումների և կատարված հայտարարություններով ստանձնած պարտավորությունների անվերապահ պահպանումը և կատարումը։

Բոլոր շահագրգիռ անձանց, ովքեր այս օրերին ջանքեր գործադրեցին ծագած խնդիրներին կառուցողական լուծումներ տալու ուղղությամբ, հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը։
Հանձնառու ենք մեր աշխատակիցների հետ քաղաքակիրթ աշխատանքային մթնոլորտում քննարկել և լուծել ընթացիկ բոլոր հարցերը։

Ընկերությունը, կատարելով ավելի վաղ ստանձնած պարտավորությունները և հանդես գալով որպես աշխատակիցների անվտանգ աշխատանքային միջավայրի երաշխավոր, հորդորում է բոլոր այն աշխատակիցներին, ովքեր Ընկերության արտադրական գործունեության վերսկսմամբ կամ իրենց աշխատանքային պարտականությունների կատարմամբ պայմանավորված ենթարկվել են կամ կենթարկվեն ցանկացած տեսակի սպառնալիքի, բռնության, ոտնձգության կամ հաշվեհարդարի, այդ մասին անհապաղ հաղորդել codeofconduct@zcmc.am էլ․ փոստի հասցեով կամ +37495364587 հեռախոսահամարով։

Ընկերությունը երաշխավորում է հաղորդումների գաղտնիությունը և բացառում ազդարարողների նկատմամբ վրեժխնդրության հանդուրժումը՝ համաձայն Ընկերության «Աշխատավայրում բռնության, ոտնձգությունների, խտրականության և հաշվեհարդարի դեմ պայքարի» քաղաքականության (hղումը` https://www.zcmc.am/about/governance/):

Ընկերությունը խստորեն դատապարտում է ցանկացած նման ճնշում իր աշխատակիցների նկատմամբ և ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ կձեռնարկվեն օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ նշված անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ՝ պաշտպանելով իր աշխատակիցների իրավունքները և անվտանգությունը»,- ասված է Ռոման Խուդոլիի ուղերձում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 10-ին՝ ԶՊՄԿ բողոքի ակցիայի 11-րդ օրը, սկսված գործադուլը դադարեցվել է:

Հիշեցնենք՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ավելի վաղ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ընկերությունը սկսել է անօրինական գործողությունների և արտադրության սաբոտաժը հրահրող և կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթաց՝ խստորեն պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջները:

Ընկերության մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ ընկերությունը օրական մոտ 400 միլիոն դրամի վնաս է հասցվել, իսկ պետությունը միայն հարկերի տեսքով կրել է օրական ավելի քան 100 միլիոնի դրամի վնաս։

Նշենք՝ արդեն գրեթե 10 օր կոմբինատի աշխատակիցները գործադուլ էին անում, իսկ փետրվարի 5-ին աշխատակիցների ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության միջև բանակցություններ էին ընթացել, որոնք ավարտվել էին անարդյունք։

Գործադուլի դուրս եկած աշխատակիցները պահանջում էին աշխատավարձի արժանապատիվ բարձրացում՝ անընդունելի համարելով տնօրինության առաջարկները։

You may also like...