Մակրոնը քննադատել է պաղեստինցիների վերաբերյալ Թրամփի ծրագիրը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածը վերահսկողության տակ առնելու, պաղեստինցիներին տեղահանելու և հարևան արաբական երկրներում վերաբնակեցնելու ծրագիրը, կոչ է արել հարգել պաղեստինցիներին:
Մակրոնն ասել է, որ Գազայի վերականգնմանն ուղղված ցանկացած «արդյունավետ» պատասխան «չի նշանակում, որ պետք է հարգանք չունենալ մարդկանց կամ երկրների հանդեպ»՝ ընդգծելով պաղեստինցիների ցանկությունը մնալու իրենց հայրենիքում, ինչպես նաև Հորդանանի և Եգիպտոսի՝ Գազայի հատվածից մեծ թվով փախստականներ ընդունելու պատրաստակամություն չունենալը։
Հիշեցնենք, որ Թրամփը նախագահ դառնալուց հետո հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «կվերցնի» Գազայի հատվածը, մինչդեռ այնտեղ ապրող պաղեստինցիները պետք է հեռանան հարևան երկրներ՝ Հորդանան և Եգիպտոս: Ըստ ԱՄՆ նախագահի՝ սա կարող է կայունություն ստեղծել Մերձավոր Արևելքում:
Նա նշել է, որ Գազան կարող է դառնալ «Մերձավոր Արևելքի Ռիվիերան», որտեղ «աշխարհի մարդիկ» կարող են ապրել։
