Կոնդ․ նոր աղմուկ եվ հին մեղադրանքներ Բաքվից

Ռուսաստանցի բլոգեր, ճանապարհորդ Մաքս Վերնիկը մոտ մեկ ամիս առաջ յութուբյան իր ալիքում տեսանյութ է հրապարակել՝ «Երևան․ Կոնդ հնագույն թաղամասը և պարսկական մզկիթը» վերնագրով։ Շաբաթներ անց՝ տեսանյութը հայտնվել է ադրբեջանական մեդիայի ուշադրության կենտրոնում։ Աղմուկի առիթը Թափաբաշի կամ Աբաս Ղուլի խանի՝ նախկինում մզկիթ եղած շինությունն է։

Այս մասին գրել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը՝ շարունակելով.

««Արևմտյան Ադրբեջանի համայնքը», ադրբեջանական լրատվամիջոցներն աղմուկ են բարձրացրել՝ հայերին մեղադրելով «ադրբեջանական մզկիթը» ոչնչացնելու մեջ, վրդովմունք հայտնելով, որ «տարածքի հայ սեփականատերն այնտեղ ռեստորան ունի, որտեղ անգամ գինի է մատուցվում»։ Թեման շարունակել է Իրանում Ադրբեջանի դեսպանը՝ փորձելով հակահայկական տրամադրություններ գրգռել․ «Հայաստանն անհարգալից վերաբերմունք է ցույց տալիս Երևանում գտնվող ադրբեջանական մզկիթի նկատմամբ՝ զբոսաշրջիկներին սպիրտային խմիչքներ առաջարկելով»։

Այս ամբողջ աղմուկն ուղեկցվում է Երևան քաղաքի և Կոնդ թաղամասի ադրբեջանական լինելու կեղծ պնդումներով։

 Վառ երևակայություն է պետք ունենալ այդ և Երևանում նախկինում եղած մզկիթներն ադրբեջանական անվանելու համար։ Մյուս կողմից՝ դա ամբողջությամբ տեղավորվում է պատմական, կրոնական, մշակութային արժեքներն ու շինությունները յուրացնելու ադրբեջանական պետական քաղաքականության և Հայաստանի հանդեպ ապօրինի պահանջներ ներկայացնելու ռազմավարության մեջ։

Թափաբաշի և մի շարք այլ մզկիթներ կառուցվել են, երբ Երևանը պարսկական տիրապետության տակ էր․ դրանք շիայական, պարսկական մզկիթներ են և որևէ կապ չունեն ադրբեջանական մշակույթի հետ։

Մզկիթի վերաբերյալ շատ տեղեկություններ չկան։ 2022 թվականին հրատարակված «Երևանի քաղաքաշինության առանձնահատկությունները պարսկական տիրապետության շրջանում» հոդվածում Թափաբաշի մզկիթի վերաբերյալ նշված է․ «Կոնդի (Թափաբաշի) մզկիթը հիմնվել է 1687 թվականին, Երևանում, մասնակի պահպանվածներից է, այժմ օգտագործվում է որպես բնակելի տուն։ Հայտնի է նաև Աբաս Ղուլի խանի մզկիթ անունով։ Կոնդի մզկիթն ունեցել է երկու գմբեթ՝ մեծ ու փոքր։ Ունեցել է շքաղյուսներով երեսպատում` ռոմբաձև զարդապատկերներով: Մզկիթն ամբողջությամբ աղյուսաշեն էր»:

Ադրբեջանական քարոզչական ռեսուրսներից մեկում ևս անդրադարձ կա մզկիթին, որտեղ այն չի նշվում որպես ադրբեջանական։ Ադրբեջանցի չի հիշատակվում նաև Աբաս Ղուլի խանը։

Ադրբեջանական իշխանությունների քարոզչական գործիքակազմում լայնորեն օգտագործվում են հայելային մեղադրանքներն ու գործողությունները։

Հայկական կողմը, նաև միջազգային լրատվամիջոցները, հասարակական կազմակերպությունները բազմաթիվ ապացույցներն են ներկայացրել, թե ինչպես է Ադրբեջանն Արցախում ոչնչացնում հայկական հոգևոր մշակութային ժառանգությունը կամ բռնայուրացնում այն՝ անվանելով աղվանական և ադրբեջանական։

You may also like...