Ուկրաինայի համար շատ դժվար կլինի գոյատեվել առանց ԱՄՆ ռազմական աջակցության․ Զելենսկի

Ուկրաինայի համար շատ դժվար կլինի գոյատևել առանց ԱՄՆ ռազմական աջակցության ինչպես հիմա, երբ նա փորձում է հետ մղել Ռուսաստանի լայնածավալ ներխուժումը, այնպես էլ ապագայում ՝ պատերազմի ավարտից հետո:

Այս մասին հայտարարել է Ուկրաինային նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Meet the Press ծրագրին տված հարցազրույցում:

«Չեմ ուզում մտածել Ռուսաստանի դեմ առանց ամերիկյան աջակցության կռվելու մասին։ Չեմ ուզում մտածել, որ մենք ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերներ չենք լինի: Ուկրաինան խոցելի կլինի Ռուսաստանի ևս մեկ խոշոր հարձակման դեպքում, եթե ԱՄՆ-ը չշարունակի Կիևին ռազմական օգնություն ցուցաբերել»,- ասել է Զելենսկին:

Ըստ Ուկրաինայի առաջնորդի՝ Ռուսաստանի նախագահը ցանկանում է նստել բանակցությունների սեղանի շուրջ ոչ թե պատերազմն ավարտելու, այլ հրադադարի մասին համաձայնության հասնելու համար, ինչը կհանգեցնի ՌԴ-ի դեմ որոշ միջազգային պատժամիջոցների չեղարկմանը և թույլ կտա նրա զինվորականներին վերախմբավորվել:

«Դա, իսկապես, այն է, ինչ ուզում է Պուտինը։ Նա ցանկանում է դադար վերցնել, պատրաստվել, զինվորների ուսուցում անցկացնել, կրակի դադարեցման ֆոնին հասնել որոշ պատժամիջոցների վերացմանը»,- ասել է Զելենսկին։

You may also like...