Կառավարման ոլորտի թերությունները բոլորս գիտենք, լուծումներ գտնելու համար աշխատաժողով կհրավիրվի. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ դիմելով գործարար համայնքի ներկայացուցիչներին:
Գործարար համայնքին հուզող շատ հարցերի Կառավարության ներկայացուցիչները, ինքս անձամբ առնչվում ենք տարբեր նամակների բերումով:
Այդ դիմումների հետ իմ աշխատանքից հանգել եմ եզրակացության, որ տնտեսական գործունեության եւ ներդրումային միջավայրում առկա խնդիրներին եւ հնարավորություններին, կառավարման արդյունավետության բարձրացման եւ բարեփոխումների առաջնահերթություններին Կառավարություն-ԱԺ-ՏԻՄ-Գործարար համայնք համատեղ ձեւաչափով անդրադառնալու եւ համատեղ որոշումներ կայացնելու անհրաժեշտություն կա:
Առաջիկայում մտադիր եմ մի նման աշխատաժողով կազմակերպել: Աշխատաժողովին հրավիրում եմ մասնակցել 2024 թվականին 50 մլն դրամ եւ ավել հարկ վճարած այն ընկերությունների ղեկավարներին, ովքեր հետաքրքրված են կիսվել գործարարությամբ զբաղվելու մեր միջավայրը ավելի բարենպաստ դարձնելու իրենց գաղափարներով:
Հրավիրում եմ նաեւ գործարար, այդ թվում՝ ՓՄՁ համայնքը միավորող կազմակերպությունների ղեկավարներին, որպեսզի քննարկման բերեն աշխատաժողովին ուղղակի մասնակցության հնարավորություն չունեցող իրենց անդամներին հուզող հարցերը:
Աշխատաժողովին մասնակցելու հայտերը խնդրում եմ ուղարկել մինչեւ փետրվարի 28-ը workshop2025@gov.am էլեկտրոնային փոստի հասցեով՝ նշելով նաեւ առկա խնդիրներին վերաբերող մինչեւ 3 հարց, որոնցից առավել հիշատակվածները կդառնան աշխատաժողովի օրակարգի մաս:
Աշխատաժողովը կհրավիրվի ապրիլ ամսվա ընթացքում, օրվա եւ տեղի մասին հրավիրյալները կտեղեկացվեն աշխատանքային կարգով»,- գրել է վարչապետը:
