ՏԿԵ փոխնախարարը Եվրոպական տնտեսական հանձնաժողովի նիստի շրջանակում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ը

Փետրվարի 11-13-ը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնևում մասնակցել է Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Ցամաքային տրանսպորտի կոմիտեի 87-րդ նստաշրջանին։

Փետրվարի 11-ին փոխնախարար Սիմոնյանը, որպես բանախոս, ելույթով հանդես է եկել նստաշրջանի բարձրաստիճան հատվածի «Միջտարածաշրջանային տրանսպորտային կապակցվածություն» խորագրով պանելային քննարկմանը և ներկայացրել ՀՀ մոտեցումները՝ տրանսպորտային կապուղիների ընդլայնման, կանաչ տրանսպորտի զարգացման և թվայնացման հարցերում։

Ներկայացվել է նաև Հայաստանի կառավարության՝ սահմանային և մաքսային անցակետերում մարդկանց և ապրանքների տեղաշարժը դյուրացնելու ուղղությամբ ձեռնարկված քայլերը։

Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման թեմայի համատեքստում արձագանքելով Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակների կողմից արտատարածքային միջանցքի վերաբերյալ հիշատակումներին՝ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն առ այն, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է հիմնված լինի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։

Սիմոնյանն ընդգծել է, որ արտատարածքային «միջանցքի» տրամաբանություն ունեցող ծրագրերի առաջ տանելու փորձերն ունեն քողարկված օրակարգ և տարածքային նկրտումներ։

Փետրվարի 13-ին Ա․ Սիմոնյանը կոմիտեի անդամներին ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ խոսելով այդ ծրագրի երկաթուղային և ավտոճանապարհային բաղադրիչների մասին։

Փոխնախարար Սիմոնյանը այլ հարցերի շարքում նշել է, որ Հայաստանը, որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր, առաջնային է համարում տարածաշրջանում ներառական կապակցվածության, բաց սահմանների, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ապահովումը։

Նշվել է նաև, որ այս ծրագրի իրականցումը կարող է ամբողջությամբ փոխել Հարավային Կովկասում և հարևան տարածաշրջաններում փոխգործակցության տրամաբանությունը՝ վերափոխելով երկրների տնտեսությունները և դրանք դարձնելով առավել դիմակայուն։

You may also like...