Եվրասիական տնտեսական միության կազմավորման ժամանակագրությունը (1994-2014 թթ.)
Եվրասիական տնտեսական միություն՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, օժտված միջազգային իրավասուբյեկտությամբ, հիմնադրված Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրով:
ԵՏՄ–ում ապահովվում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը, ինչպես նաև համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականություն վարումը տնտեսության բնագավառում:
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններն են՝ Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունը:
ԵՏՄ–ը ստեղծվել է ազգային տնտեսությունների բազմակողմանի արդիականացման, կոոպերացիայի, մրցունակության բարձրացման և անդամ պետությունների բնակչության կենսունակության բարձրացման համար կայուն պայմաններ ստեղծելու նպատակով:
ԵՏՄ կազմակավորման ժամանակագրությունը.
1994 թվականի մարտի 29–ին Ռուսաստան կատարած իր առաջին պաշտոնական այցի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Աբիշևիչ Նազարբաևը Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում առաջին անգամ ելույթ ունեցավ Պետությունների Եվրասիական Միության ստեղծման առաջարկով:
1994 թվականի հունիսին արդեն իսկ ինտեգրման մանրամասն մշակված նախագիծն առաքվեց պետությունների ղեկավարներին, այնուհետև հրապարակվեց մամուլում: Պաշտոնական փաստաթղթի մեջ առաջին անգամ նոր ինտեգրացիոն միավորումը անվանված էր Եվրասիական Միություն:
1995 թվականի հունվարին Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունը Մաքսային միության ստեղծման մասին Համաձայնագիր ստորագրեցին՝ ուղղված տնտեսավարող սուբյեկտների միջև ազատ տնտեսական փոխհամագործակցությունը կասեցնող խոչընդոտները վերացնելու, բարեխիղճ մրցակցություն ապահովելու և վերջին հաշվով՝ Կողմերի տնտեսությունների կայուն զարգացման երաշխիքներ ստեղծելու համար:
1995 թ. հունվարին «եռյակի» ստորագրած Համաձայնագիրը հաստատեց այն ինտեգրացիոն միջուկը, որը ներկայումս էլ Եվրասիական տարածքի ինտեգրացիոն գործընթացների շարժիչ ուժն է հանդիսանում:
1996 թվականի մարտի 29–ին Մոսկվայում Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահները ստորագրեցին տնտեսական և հումանիտար բնագավառի ինտեգրացիայի խորացման մասին Պայմանագիրը:
Որպես մտածված փոխշահավետ և իրավահավասար համագործակցության բարձրագույն ձև, Եվրասիական միությունն, ըստ էության, հետխորհրդային տարածության անկախ պետությունների փոխհարաբերությունների քաղաքակիրթ մոդել է` պետությունների բացարձակ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու սահմանների անխախտելիության պարտադիր պայմանով:
1999 թվականի փետրվարի 26–ին Մինսկում Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահները ստորագրեցին Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի ձևավորման մասին Պայմանագիրը:
2000 թվականի մայիսի 23–ին, Մինսկում Միջպետական Խորհրդի նիստում որոշում ընդունվեց մինչև 2000 թվականի սեպտեմբեր ամիսը պատրաստել Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության միջպետական ինտեգրացիոն միավորում ձևավորելու մասին պայմանագրի նախագիծը:
2000 թվականի հոկտեմբերի 10–ին Աստանայում Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության նախագահները Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի ձևավորման գործընթացի արդյունավետ առաջխաղացման նպատակով հիմնադրեցին Եվրասիական տնտեսական ընկերակցությունը (ԵվրԱզԷՍ):
2003 թվականի սեպտեմբերի 19–ին Յալթայում Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի նախագահները ստորագրեցին Միասնական մաքսային տարածքի ձևավորման մասին Համաձայնագիրը: Ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժն ապահովող միասնական տնտեսական տարածք ստեղծելու նպատակով կողմերի կառավարությունները սկսեցին աշխատանքը ՄՏՏ–ի իրավական բազայի մշակման ուղղությամբ:
2006 թվականի օգոստոսին Սոչիում կայացած ոչ պաշտոնական գագաթաժողովի ընթացքում ԵվրԱզԷՍ անդամ պետությունների ղեկավարները որոշում ընդունեցին Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կողմից «եռյակի ձևաչափում» Մաքսային միություն կազմավորելու աշխատանքների ակտիվացման մասին, Ղրղզստանի Հանրապետության ու Տաջիկստանի ապագա անդամակցումով՝ նրանց տնտեսությունների պատրաստության սահմաններում:
2007 թվականի հոկտեմբերի 6–ին Դուշանբեում ստորագրվեց Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական մաքսային տարածքի և Մաքսային միության ձևավորման մասին Պայմանագիրը: Խնդիր է դրված փոխադարձ առևտրում ապրանքների ազատ տեղաշարժի ապահովում և երրորդ երկրների հետ մաքսային միության առևտրի համար բարենպաստ պայմանների ստեղծում, նաև` տնտեսական ինտեգրացիայի զարգացում:
2010 թվականի հունվարին սկսեց գործել Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Մաքսային միությունը` գործողության մեջ է դրվել Միասնական մաքսային սակագինը, վերացված են մաքսային ձևակերպումը և մաքսային ստուգումը ներքին սահմաններում, ապահովված է ապրանքների անխոչընդոտ շարժը երեք պետութունների տարածքում:
2010 թվականի դեկտեմբերին ընդունվել են 17 հիմնական միջազգային պայմանագրեր, որոնք հիմք են ստեղծում Միասնական տնտեսական տարածության գործունեության համար, ինչպես նաև ստորագրվել է Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետոթյան և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքի ձևավորման մասին հայտարարագիր:
2011 թվականի նոյեմբերին Մաքսային միության անդամ պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ «Ինտեգրացիոն եռյակի» պետությունների նախագահները ստորագրեցին Հայտարարագիր Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի մասին, որտեղ նշվում է երեք պետությունների մաքսային միության հաջող գործունեությունը և հայտարարվում է անցումը ինտեգրացիոն շինարարության հաջորդ փուլին` Միասնական տնտեսական տարածքին:
Մաքսային միության անդամ պետությունների ղեկավարները ստորագրեցին նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին պայմանագիրը:
2011 թվականի հոկտեմբերին որոշում ընդունվեց Մաքսային միությանը Ղրղզստանի Հանրապետության միացման շուրջ բանակցություններ սկսելու մասին:
2012 թվականի հունվարին ուժի մեջ մտան Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքի իրավական հիմքը կազմող միջազգային պայմանագրերը, որոնք հիմք են ստեղծում ոչ միայն ապրանքների, այլ նաև ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ շարժման համար: «Չորս ազատությունների» ձևաչափի լիարժեք իրացման համար մշակվում է ավելի քան 50 փաստաթուղթ:
Փետրվար ամսին իր աշխատանքը սկսեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, որի կենտրոնակայանը գտնվում էր Մոսկվայում:
2014 թ. դեկտեմբերի 23–ին Մոսկվայում կայացավ Եվրասիական տնտեսական Բարձրագույն Խորհրդի նիստը: Գագաթաժողովին մասնակցում էին Մաքսային Միության (ՄՄ) և Միասնական տնտեսական տարածքի (ՄՏՏ) անդամ պետությունների ղեկավարները՝ Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, Ղրղզստանի Հանրապետության Նախագահ Ալմազբեկ Ատամբաևը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) ներկայացնում էր ԵՏՀ–ի Նախագահ Վիկտոր Խրիստենկոն:
Նիստի հիմնական խնդիրներից մեկը 2015 թվականի հունվարի 1–ից մեկնարկող Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և նրա մարմինների գործունեության հարցի քննարկումն էր: