ԿԳՄՍՆ-ի կապիտալ ծրագրերի համար հատկացված միջոցներից շուրջ 1 մլրդ 593 մլն դրամի վերաբաշխում կկատարվի

Նախատեսում ենք 2025 թվականի պետական բյուջեով ԿԳՄՍՆ-ի կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում 1 մլրդ 593 մլն 349 հազար դրամի չափով:

Այս մասին որոշման նախագիծը Կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Նախագծի հիմնական նպատակն է ֆինանսական միջոցներ հատկացնել մի շարք կրթական և մարզական հաստատությունների ավարտական աշխատանքների ապահովման, ավարտվող շինարարությունների պայմանագրերի մնացորդների վճարման, ինչպես նաև մի շարք օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ուղղությամբ»,- ասաց նախարարը:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ավարտական փուլում գտնվող մի շարք օբյեկտներ կան, խոսքը 4 մանկապարտեզների, 6 մոդուլային դպրոցների, 1 ավագ դպրոցի մասնաշենքի, 3 դպրոցների մարզադահլիճների կառուցման, 6 դպրոցների մարզադահլիճների վերակառուցման, 1 մարզադպրոցի և 1 մարզադաշտի կառուցման մասին է, որոնց մասով պետք է անհրաժեշտ ֆինանսավորում հատկացնել:

Խոսքը վերաբերում է նաև 13 օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակմանը և փորձաքննության աշխատանքներին, որոնք գումարային արդյունքում հանգում են 1 մլրդ 593 մլն դրամի չափով վերաբաշխման:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց, թե որ կրթական օբյեկտների մասին է խոսքը:

You may also like...