ՄԻՊ աշխատակազմը, ՔԿԾ ղեկավարն ու «Նուբարաշեն» ՔԿՀ պետը քննարկել են հիմնարկում արձանագրված խնդիրները
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները փետրվարի 21-ին Քրեակատարողական ծառայությունում մասնակցել են աշխատանքային քննարկման:
Քննարկմանը մասնակցել են ՄԻՊ աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը, ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանը, Ծառայության պետի առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանը, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Վահան Նասոյանը, ՄԻՊ աշխատակազմի և կենտրոնական մարմնի ներկայացուցիչները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել դեռևս 2024 թվականի հոկտեմբերին վերհանված խնդիրներին։ Պաշտպանի ներկայացուցիչներին ներկայացվել են արդեն իսկ լուծումներ ստացած որոշ խնդիրներ, քննարկվել են դեռևս առկա խնդիրների լուծման ուղիները:
Քննարկման մասնակիցները հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ նման ձևաչափով հանդիպումները շարունակելու համար, քանի որ դրանք առավել արդյունավետ են արձանագրված խնդիրներին արագ արձագանքելու և համատեղ լուծումներ գտնելու տեսանկյունից։
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն:
Ազատությունից զրկման վայրերում մարդու իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:
