Կոչ ենք անում՝ Անկարան սահմանային հարցերն առանձնացնի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների օրակարգից. Ուշակովս
Եվրախորհրդարանի պատգամավոր Նիլս Ուշակովսը Թուրքիային կոչ է արել առանձնացնել Հայաստանի հետ սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար բացելու պայմանավորվածությունը տարանջատել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացից։
«Կոչ ենք անում, որ Անկարան սահմանային հարցերն առանձնացնի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների օրակարգից»,- նշել է Ուշակովսը:
2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում կայացել էր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի և Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի հանդիպումը։ Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել բացել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։
Չնայած դրանից հետո երկու երկրների հատուկ բանագնացների, արտաքին գործերի նախարարների և ղեկավարների միջև տեղի ունեցած մի շարք հանդիպումներին՝ մինչ այս պահն առարկայական տեղաշարժեր այս ուղղությամբ չկան, իսկ Թուրքիան դրանից հետո մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստան-Թուրքիա սահմանը կբացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման դեպքում։
ԵԽ պատգամավորը շեշտել է նաև, որ ԵՄ-ն հետաքրքրված է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, որի իրականացումը շատ կարևոր կլինի ամբողջ տարածաշրջանի համար:
Պատգամավորը կարևորել է, որ Հայաստանը կարողանա ունենալ ազատ ընտրություն դեպի եվրոպական ապագա, որը ենթադրում է նաև տնտեսական դիվերսիֆիկացիա, ինչը կոմունիկացիոն կապերի բացման վրա կենտրոնանալու ևս մի պատճառ է:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
