Արդարադատության նախարարությունը հակակոռուպցիոն ռազմավարության ծրագիր է մշակում

Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի մշակմանը նվիրված աշխատաժողով, որով մեկնարկել է նաև ռազմավարության մշակմանն ուղղված հետագա աշխատանքային քննարկումների և հանդիպումների շարքը:

Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը բացման խոսքում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոյին և թիմին՝ Արդարադատության նախարության հետ շարունակական ու արդյունավետ համագործակցության համար:

Փոխնախարար Թումանյանցն ընդգծել է 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի մշակման աշխատանքներին պետական կառավարման մարմինների և այլ շահառու կողմերի մասնակցության կարևորությունը:

Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Մուշեղ Բաբայանը և գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը, ովքեր ներկայացրել են իրենց գերատեսչություններում առկա խնդիրները, որոնց լուծմանն ուղղված գործողություններն սահմանված են լինելու 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրում:

Միջոցառման մասնակիցները ներգրավվել են երեք աշխատանքային խմբերում՝ քննարկելու և վերհանելու հակակոռուպցիոն քաղաքականության խնդիրները երեք հիմնական ուղղություններով՝ կոռուպցիայի կանխարգելում, կոռուպցիայի բացահայտում, հակակոռուպցիոն կրթություն ու հանրային հաղորդակցության մարտահրավերներ:

Աշխատաժողովին մասնակցել են պետական կառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, Հայաստանում միջազգային առաքելություն իրականացնող կազմակերպությունների, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև անկախ փորձագետներ:

You may also like...