«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շրջանակներում ամփոփվել են բիզնես դասընթացները
Հունվարի 25-ին և 26-ին տեղի ունեցան «Իմ Քայլը» հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի բիզնեսի պլանավորման և կառավարման դասընթացների ամփոփիչ հանդիպումները, որոնց ընթացքում ներկայացվեցին նաև ծրագրի առաջիկա փուլերն ու դրանց համար անհրաժեշտ քայլերը:
Հիշեցնենք, որ ծրագիրը, որը մեկնարկել էր դեռևս նախորդ տարվա հուլիսին, ընդգրկում էր շուրջ 83 շահառու Կոտայք, Արարատ և Վայոց ձոր մարզերից:
Ամփոփիչ հանդիպումների նպատակն էր.
Բիզնես դասընթացների արդյունքների և բիզնես պլանների ամփոփում,
Հաջորդ փուլերի և դրանց համար անհրաժեշտ ռեսուրսների մասին քննարկում,
Գործողությունների պլանավորում
Հրազդան, Մասիս և Արենի համայնքներում կայացած հանդիպումների ընթացքում պարզ դարձավ, որ մասնակիցների մեծամասնությունը նախընտրել է գյուղատնտեսության ոլորտը, մասնավորապես՝ անասնապահություն, մեղվաբուծություն, ջերմոցային տնտեսություն, ճագարաբուծություն և այլ ուղղություններ։ Կային նաև ամենատարբեր ոլորտներին վերաբերող բիզնես պլաններ, ինչպիսիք են` արտադրություն, սպասարկման ոլորտ, լուսանկարչություն, խանութի բացում, տպագրության ծառայություններ, մարզադպրոցի հիմնում և այլն:
«Այս տարի ևս նկատվեց շահառուների մեծ հետաքրքրվածությունն ու բարձր մոտիվացիան, ինչն էլ փաստում է, որ արդեն երրորդ անգամն է, ինչ արդյունավետ է ընթանում ծրագիրը։
Այսպիսով մասնակիցները սահուն կերպով ինտեգրվում են հասարակության մեջ` հոգալով իրենց ապրուստը իրենց իսկ գործով»,- նշեց «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ղեկավար Անահիտ Խալաթյանը։
Դասընթացների ավարտից հետո նախատեսվում է ֆինանսավորման գործընթացի մեկնարկը, որի շրջանակում բիզնես պլանները ներկայացվում են ֆինանսավորման և ստանում աջակցություն՝ դրանց իրագործման համար։
«Առաջիկա փուլը ևս շատ կարևոր է, քանի որ ֆինանսական ռեսուրսների նպատակային օգտագործումը հիմնադրամի առաջնահերթություններից է: Մենք հոգալու ենք, որ դրանք ուղղվեն ճիշտ ուղղությամբ»,- հավելեց ծրագրի ղեկավարը։
