Զելենսկին կժամանի Վաշինգտոն՝ «հազվագյուտ հողերի եվ այլ նյութերի» մշակման համաձայնագիր ստորագրելու համար. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 28-ին կմեկնի Վաշինգտոն՝ «հազվագյուտ հողերի և այլ նյութերի» մշակման համաձայնագիրը ստորագրելու համար։

ԱՄՆ նախագահը կարծում է, որ գործարքը կարող է օգնել փոխհատուցել այն ռազմական օգնությունը, որը Բայդենի վարչակազմն ուղարկել է Ուկրաինա՝ միևնույն ժամանակ շատ ավելի մեծ շահույթ բերելով:

Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ին «հաջողվել է գործարք կնքել», որի արդյունքում Վաշինգտոնը «ապագայում մեծ գումարներ» կստանա Կիևին տրամադրած օգնության համար:

Ավելի վաղ Զելենսկին, խոսելով Վաշինգտոնում ծրագրված շրջանակային համաձայնագրի մասին, հայտարարել էր, որ դրանում ոչինչ չի ասվում արդեն իսկ տրամադրված ռազմական օգնության համար ԱՄՆ-ին Ուկրաինայի պարտքի մասին։

Բացի այդ, ուկրաինացի առաջնորդի խոսքով, համաձայնագրում նշված կլինի, որ «ԱՄՆ կառավարությունն աջակցում է Ուկրաինայի ջանքերին՝ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ անվտանգության երաշխիքներ ստանալու համար»։

You may also like...