Հայաստանը շարունակում է գտնվել կայուն տնտեսական զարգացման ուղեծրի վրա. վարչապետը թվեր է հրապարակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ 2024 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) նախորդ տարվա համեմատ իրական արտահայտությամբ աճել է 5,9%-ով:
2024 թվականի միջին տարեկան արդյունքներով Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 760 հազար 555 մարդ: Այս ցուցանիշը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավել է 203 հազար 878 մարդով կամ 36,6 %-ով, իսկ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 37 հազար 882-ով կամ 5,2 %-ով:
2024 թվականի արդյունքներով տարեկան միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 287 հազար 172 ՀՀ դրամ՝ 2018 թվականի համեմատ աճելով 114 հազար 445 ՀՀ դրամով կամ 66,3 %-ով, իսկ 2023 թվականի համեմատ՝ 17 հազար 178 ՀՀ դրամով կամ 6,4%-ով: 2024 թվականի արդյունքներով տարեվերջի գնաճը կազմել է 1,5%, իսկ 2018-2024 թվականների կուտակային գնաճը կազմել է 25,3%։ Այսպիսով, 2018-2024 թվականների աշխատավարձերի իրական աճը կազմել է շուրջ 40%:
Այսպիսով, Հայաստանը շարունակում է գտնվել կայուն տնտեսական զարգացման ուղեծրի վրա: 2018-2024 թվականների ՀՆԱ կուտակային աճն իրական արտահայտությամբ կազմել է 43,5%, այսինքն՝ 2024 թվականի արդյունքներով ՀՀ տնտեսությունը 43,5%-ով ավելի մեծ է, քան 2018 թվականի սկզբին»,- գրել է Փաշինյանը:
