Սթարմերը Լոնդոնում եվրոպացի առաջնորդների հավաք է հրավիրել, կմասնակցի նաև Զելենսկին
Ավելի քան մեկ տասնյակ եվրոպացի առաջնորդ կիրակի օրը՝ մարտի 2-ին, կմեկնի Լոնդոն՝ քննարկելու Ուկրաինան և Եվրոպայում անվտանգությունը, հայտնել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակից։
Կիրակի առավոտյան՝ հանդիպումից առաջ, Սթարմերը հեռախոսազրույց կունենա Բալթյան երկրների առաջնորդների հետ։ Այնուհետև նա կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ (ով Թրամփի հետ հանդիպումից հետո կմեկնի Վաշինգտոնի Լոնդոն)՝ քննարկելու, թե «ինչպես կարելի է հասնել արդար և կայուն խաղաղության, որը երաշխավորում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անվտանգությունը ապագայում»:
Սթարմերը նաև առանձին կխոսի Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ:
Սա կլինի եվրոպացի առաջնորդների առաջին հանդիպումը այն բանից հետո, երբ առաջին անգամ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ այնուհետև Քիր Սթարմերը Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Ե՛վ Մակրոնը, և՛ Սթարմերը Թրամփի հետ քննարկել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքները և եվրոպական զորքերի օգնությունը։ Այցերը հաջորդել են Սպիտակ տան խիստ հայտարարություններին, որ Եվրոպան պետք է պատասխանատվություն ստանձնի մայրցամաքի անվտանգության համար:
