Մեզ համար Գյումրին փորձադաշտ չէ, մենք բուն ընտրության ենք գնում, մյուսները՝ 2026-ի փորձին. Շիրակի մարզպետ

Թիվ 31 ԸԸՀ-ն մարտի 30-ին Գյումրիում կայանալիք ավագանու արտահերթ ընտրությունների մասնակից ոչ մի քաղաքական ուժի փաստաթղթային փաթեթ դեռ չի ստացել:

Մինչ դաշտում եղած վստահները ընտրացուցակ ու կարգախոս են հստակեցնում, չկողմնորոշվածներն էլ ավելի են խճճվում իրենց քայլերի մեջ և սրա-նրա փեշից հարմար կախվելու տատանումներ ունեն, փետրվարի 27-ին ընտրապայքարի հստակ հայտ ներկայացրեց Եվրադաշինքը՝ գյումրեցի թեկնածուով՝ ծնված Եվրաքվեի նախաձեռնող 3՝ «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության» և «Հայաստանի Եվրոպական» կուսակցություններից:

Միացան, եկան Գյումրի և «քուչում հարգված տղերքին ու բիզնեսմեններին» ի հակադրումն՝ քաղաքական թեկնածու առաջադրեցին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին: Ասացին՝ արժանի է և իրավունք ունի Գյումրիում առաջադրվելու:

Առաջին հայացքից տասնյակի հասնող ուժեր չկան Գյումրու ընտրապայքարում:

Այն, որ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը կանոնավոր կերպով ծնում-սնում են ինչ-որ ուժեր ու թեկնածուներ, այլևս գաղտնիք չէ:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ասում է՝ իրականում հակառակ կողմում ամբողջ ընդդիմադիր դաշտն է՝ նախկին նախագահների առաջնորդությամբ և հովանավորությամբ: Ուստի, այս հարցում պետք չէ գյումրեցուն թյուրիմացության մեջ գցել տարբեր ուժերի մասնակցության մասին հորինվածքներով:

Գյումրին ստորագրահավաքով Ազատ տնտեսական գոտի դարձնող ֆիզկուլտուրայի ուսուցչի որակավորում ունեցող գործարարը. Կարեն Սիմոնյան

«Մենք» նախաձեռնության հիմնադիրը անհրաժեշտ է համարում Գյումրին հռչակել ազատ տնտեսական գոտի և ազատ քաղաք։ Դա, ըստ Սիմոնյանի, կբերի 500 մլն դոլարի ներդրում, կստեղծվի 15 հազար նոր աշխատատեղ՝ խթանելով տնտեսության զարգացումը: Կարեն Սիմոնյանն առաջարկում է միանալ ստորագրահավաքին՝ քաղաքի զարգացմանը նպաստելու համար:

Անդրադառնալով որպես թեկնածու ներկայացող և նման մտքեր արտահայտող, մտքերն էլ ստորագրահավաքով իրականացնելուն հավատացող Սիմոնյանին՝ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ասում է՝ պետք չէ մոլորեցնել գյումրեցիներին և հայտարարել, թե Գյումրին ազատ տնտեսական գոտի է դառնալու, քանի որ դա համայնքապետարանն ու ավագանին չեն որոշում, այլ Կառավարության իրավասությունն է:

«Երկրորդ, ինչու սեփական անունից հայտարարել մի բանի մասին, ինչը Կառավարությունն արդեն իսկ ձեռնարկել է: Չոր նավահանգստի նախագիծը Գյումրու օդանավակայանի մոտ Կառավարությունը մշակում է, և աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ»,- ասում է մարզպետը:

«Մըսյո Մակռոն, ցավդ տանիմ, տո ջիգյարդ ժը տեմ», կամ մինչև հասնինք Սասուն, մտնինք Վան, կարելի է գալ Մուշ, հետո՝ նոր Ալաշկերտ ու Արդահան. պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյան

Պրոդյուսեր, Գյումրու համայնքապետի պաշտոնի հավակնություններ ունեցող Ռուբեն Մխիթարյանը Գյումրու խնդիրները հանգերի-վանկերի համադրումներով, ինչ-որ անեկդոտների ու նմանատիպ ֆորմատով դրանք ներկայացնելու ոճի մեջ է: Դա իրենն է, բայց այն, որ պետք է զիլ քաղաքի մասին խոսեր՝ թիկունքում ցուցադրելով Սերժ Սարգսյանի օրոք մի կերպ կառուցված Մուշ թաղամասի անորակ շենքերը, սխալ հաշվարկ էր, քանի որ այդ նույն շենքերի բնակիչները շատ լավ են հիշում իրենց բնակարանների փլուզումները, դուռ-պատուհանների պոկվել-ընկնելն ու էլի շատ բաներ, իսկ անհարմարավետ և չափազանց փոքր բնակտարածքների համար ամեն օր հիշատակում են հեղինակին էլ, հեղինակին ժամանակին թև տվողին էլ:

Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա. սա ասում է Մխիթարյանը:

Իսկ Շիրակի մարզպետն ասում է՝ սխալ չի ասում, բայց ոչ իրենց հետ:

«Մենք այդ լավ քաղաքի տեսլականով արդեն 6 տարի Գյումրին կառուցում ենք, ունենք ընթացքի մեջ գտնվող ծրագրեր ու շարունակելու ենք մեր գործը: Բայց թիկունքում ունենալով մի ուժ, որը ուղիղ կապ ունի Մուշ թաղամասի շինարարության հետ, ու ներկայացնել Մուշը զիլ քաղաք ու Մուշի զարգացման ծրագիր, ինձ համար ոչ միայն հասկանալի չէ, այլ նաև ընդունելի չէ: Մուշ թաղամասում զիլ քաղաքի մասին խոսում է այն ուժը, որի ընկերները շատ ուղիղ կապ ունեն նույն Մուշ թաղամասի անորակ շինաշխատանքի հետ: Սա շատ պարզ կոչվում է մոլորեցնել ժողովրդին, որովհետև Մուշի յուրաքանչյուր բնակիչ շատ լավ գիտի, թե ինչ ձևով է արվել այդ շինարարությունը, և շահագործման հանձնված բնակարանները հենց նույն պահից ինչ խնդիրներ են ունեցել ու մինչ օրս էլ ունեն»,- ասում է մարզպետը:

Ակադեմիական քաղաքը կառուցել Գյումրիում. աթեիստ կոմունիստների հավատացյալ թեկնածուն՝ Վարդան Ղուկասյան

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ևս հավակնում է վերադառնալ նախկին պաշտոնին: Ղուկասյանն ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել էր՝ նախ ժողովուրդն ուզեց, իր կարիքը կար, հետո էլ, եթե ոչ ինքը՝ «քաղաք կառուցողը», ապա էլ ո՞վ պետք է առաջադրվեր:

Ո՞վ ուներ Վարդան Ղուկասյանի կարիքը՝ հարցին ի պատասխան, Դավիթ Առուշանյանն ասում է՝ գուցե կան գյումրեցիներ, որոնք ունեն տարբեր թեկնածուների կարիքը, բայց ընտրությունները ցույց կտան, թե որ թեկնածուի կարիքը ինչքանով ունի գյումրեցին:

«Ակադեմիական քաղաքի տեղափոխելը Գյումրի համայնքների համաչափ զարգացման մեր ընդհանուր ռազմավարությունն է, որի օրինակները գյումրեցիները տեսել են: Օրինակ՝ մաքսատան տեղափոխումը Գյումրի: Բայց ակադեմիական քաղաքն այլ հարց է, մենք չենք կարող ուսանողների համար դժվարություններ ստեղծել: էդ նախընտրական ծրագրերն ու կոչերը, որոնք արվում են, իրականում կուզենամ, որ մեր համաքաղաքացիները լավ լսեն ու տեսնեն իրական գործերը, թեկնածուներն էլ խոսեն ոչ թե անիրական ծրագրերից, այլ սեփական նախաձեռնություններից, ոչ թե արդեն կատարված ու ընթացքի մեջ գտնվող պետական ծրագրերը փորձեն սեփականացնել»,- ասում է մարզպետը:

Դավիթ Առուշանյանն ընդգծում է՝ իրենք գնում են Գյումրու՝ ժողովրդավար և արդար ընտրությունների, իրենց դիտակետում միայն Գյումրին է, ծրագրերն ու քայլերը միայն Գյումրու մասին են, ինչը չի կարելի ասել այս ընտրապայքարին խառնված ընդդիմության մասին:

«Բոլոր ընդդիմադիր ուժերը միավորված գնում են դեպի 2026-ի ընտրություններ: Մեզ համար Գյումրին փորձադաշտ չէ, մենք եկել ենք Գյումրու ընտրություններին մասնակցելու, առաջարկելու ենք Գյումրու զարգացման ծրագիր, այլ ոչ թե 2026-ի ընտրությունների փորձ: Վստահ եմ՝ գյումրեցին իր գնահատականը տալիս է նրանց և շատ լավ է տարբերակում, որ էն բառապաշարը, որը հիմա օգտագործվում է, Էն տեսլականները, որոնք ներկայացվում են, և քաղաքական հայտարարությունները, որոնք արվում են, Գյումրու մասին չեն:

Երևանից եկած ուժերը երբեք Գյումրու մասին չեն մտածել, և վստահ եմ, որ շարունակելու են չմտածել, իրենք իրենց քաղաքական խաղերն են խաղում, որի նպատակը 2026-ի ընտրություններն են: Բայց մենք քաղաքապետ ենք ընտրում, և գյումրեցիներն ապրելու են էն քաղաքում, որի քաղաքապետին ընտրելու են:

Մեզ մեղադրելու են հնարավոր բոլոր մեղքերի համար, բայց դա չի շեղում մեզ մեր ճանապարհից, մենք հստակ տեսլական ունենք Գյումրու զարգացման և գնում ենք էդ ճանապարհով»,- վստահեցնում է մարզպետը:

Ես լինելու եմ նախընտրական շտաբի պետը, քարոզարշավից առաջ արձակուրդ եմ վերցնելու և ղեկավարելու եմ ամբողջ աշխատանքը

Դավիթ Առուշանյանը վստահ է՝ իր վրա դրված պատասխանատու առաքելությունը հաջողելու է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

You may also like...