ՀՀ օրհներգը կհնչի նաեվ նախադպրոցական եվ ՄԿՈւ հաստատություններում. Ժաննա Անդրեասյան
«Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագծի ընդունումից հետո ՀՀ օրհներգը կհնչի նաև նախադպրոցական, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում:
«Օրենքի ընդունումից հետո նախատեսվում է նաև ենթաօրենսդրական համապատասխան կարգավորումներով հստակեցում մտցնել դրա կատարման ընթացակարգերում»,- նշել է նախարարը:
Նրա խոսքով` նախատեսվում է օրհներգի կատարման ձայնագրությունների համապատասխան տարբերակներ ունենալ` դրանք օրենքով սահմանված դեպքերում օգտագործելու նպատակով:
Նախագծի համահեղինակ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հանդես է եկել որպես հիմնական զեկուցող` ներկայացնելով առաջարկվող հիմնական փոփոխություններն ու առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կատարված խմբագրումները:
Նա նշել է, որ առաջարկվող փոփոխությամբ ՀՀ օրհներգն այսուհետ պետք է հնչի կամ կատարվի բացառապես ԿԳՄՍ նախարարության հրապարակած պաշտոնական տարբերակներին համապատասխան:
Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի համահեղինակներն են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը:
Նախագծով առաջարկվում է ՀՀ օրհներգի տեքստը վերադասավորել, ըստ որի՝ այն կավարտվի «Թող միշտ պանծա Հայաստան» տողով:
