Բաքվում դատում են ոչ միայն կոնկրետ անձանց, այլեվ Արցախի ինքնորոշման իրավունքը. Օհանյան
Բաքվում ընթացող կեղծ դատավարությամբ դատում են ոչ միայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, այլև Արցախի ինքնորոշման իրավունքը, և մեղադրանքի սլաքներն ամբողջությամբ ուղղում դեպի ՀՀ։Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Բաքվում պահվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որն օրինական ճանապարհով է ընտրվել, և նրանք մեր մարտական ընկերներներն են։ Նրանց նկատմամբ այսօր անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում, կեղծ դատավարություն է իրականացվում»,– ընդգծեց նա։
Ըստ Օհանյանի` գերիների հարցը մշտապես պետք է լինի Ադրբեջանի հետ ՀՀ իշխանությունների բանակցային սեղանին, և մեր իշխանություններն այդ ուղղությամբ պետք է համապատասխան աշխատանք տանեն։ Բացի այդ, Օհանյանի կարծիքով, այդ հարցն իր լուծման ամենաարդյունավետ հարթակում պետք է բարձրացվի` միջազգային ատյաններում։
«Եթե նույնիսկ գաղտնի աշխատանք է տարվում ՀՀ իշխանությունների կողմից, այն չպետք է բացառի հրապարակային աշխատանքը, և այն պետք է երևա ՀՀ–ում. իշխանությունները պետք է հոգատար լինեն գերիների ընտանիքների նկատմամբ և անմիջական կապի մեջ լինեն նրանց հետ»,– ընդգծեց ՀՀ պաշտպանության նախկին նախարարը։
Ըստ նրա` անընդհատ Ադրբեջանին զիջելը որևէ լավ տեղ չի տանելու, և մի օր դրա դեմը պետք է առնել։ Նա այն համոզման է, որ դրա միակ ճանապարհը ՀՀ պարտված իշխանությունների հեռանալն է։
Հիշեցնենք, հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»:
