Մեր դիվանագիտությունն անում է հնարավորը Բաքվում պահվող հայերին վերադարձնելու համար. Փաշինյան (տեսանյութ)
Ուզում եմ ասել մեր գնահատականը հստակ է՝ արգելված միջոցներով, այդ թվում ֆիզիկական, հոգեբանական ճնշման գործիքներով, մեր ուենցած որոշ տեղեկություններով, այլ արգելված միջոցներով, տեղի է ունենում արգելված ներգործություն, և դա, բնականաբար, անընդունելի է մեզ համար:
Այս մասին Աժ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին:
«Մենք ունենք ինֆորմացիա, և այդ ինֆորմացիան արդեն ակնհայտ երևում է, որ օգտագործվում են արգելված միջոցներ և խոշտանգումներ: ՀՀ-ն, ի դեմս ԱԳՆ-ի, հանդես է եկել հստակ գնահատականներով: Մենք շարունակելու ենք մեր ջանքերը հստակ հասցեագրելու ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ նման իրավիճակներում, երբ խոսք է գնում գերիների, պատանդների, այլ պահվող անձանց մասին, բնականաբար, հարց է հնչում՝ ի՞նչ է անում մեր դիվանագիտությունը:
«Մեր դիվանագիտությունն անում է այն, ինչ հնարավոր է: Ուզում եմ ընդգծել, որ մեր դիվանագիտությունն առաջնորդվում է առաջին հերթին չվնասելու սկզբունքով: Էլի բնական հարց է ծագում, թե որտե՞ղ են այդ դիվանագիտական ջանքերը, որ չեն երևում: Ես, ի պատասխան այդ հարցին, միշտ բերում եմ 2023-ի դեկտեմբերի օրինակը, երբ մեր գերեվարված 32 հայրենակիցներ վերադարձան ՀՀ և մինչև պաշտոնական հայտարարության վերջին վայրկյանը մենք երբեք որևէ մանրամասն չենք բացահայտել, որովհետև դա կզրոյացնի նախկինում գործադրված ջանքերը և դրանց արդյունավետ լինելու հավանականությունը»,- շեշտեց նա:
Ի պատասխան Նազարյանն ասաց, որ Ադրբեջանն այդ հրապարակած կադրերով հոգեբանորեն ուզում է ազդել մեր ժողովրդի վրա, բայց նաև այդ կադրերի հրապարակումով մեր դիվանագետների գործն ավելի է հեշտանում՝ միջազգային հանրությանը բացատրել, որ մարդկության դեմ հանցագործություն է տեղի ունենում:
«Յուրաքանչյուր հայ ամեն ինչ պետք է անի՝ այդ մարդկանց դուրս բերելու համար»,- ասաց պատգամավորը:
Փաշինյանն էլ նշեց, որ եթե այդ թեզը ճիշտ է, որ ուզում են մեր հանրության նկատմամբ հոգեբանական ներգործություն ունենալ, դա նշանակում է, որ իրենք իրենց խնդիրը կատարում են:
«Ես հասկանում եմ իրադրությունը նուրբ է և կարող է լինել էմոցիոնալ, բայց եթե այդ տեսանկյունից նայում ենք, դա էլ պետք է հասկանանք, որ փաստորեն իրենք այդ խնդիրը դնում են և լուծում են, մենք էլ այդ տեսնակյունից պետք է ընկալենք»,- նշեց նա:
