Նոր կարգավորումներ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում. ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրինագիծը
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որին կողմ է քվեարկել 64 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 21:
Օրենքում կատարված փոփոխությունները ԱԺ փետրվարի 4-ի լիագումար նիստում ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Մանրամասնելով կատարված փոփոխությունները՝ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների արդյունքում վերանայվել են հետևյալ դրույթները.
Կարգավորող պետական մարմինը Հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում՝ եռօրյա ժամկետում այդ մասին հայտնում է այդ ծրագիրը հեռարձակող ինչպես մուլտիպլեքս, այնպես էլ ցանցային օպերատորներին՝ հեռարձակումը անհապաղ դադարեցնելու համար:
Ավելացվել է նոր պահանջ՝ հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին մասնակցելու հայտի ներկայացմանը, մասնավորապես՝ առաջարկվում է հայտին կցել նաև տեղեկանք՝ հեռարձակման ծառայությունների մասով ժամկետանց պարտքեր և պարտավորություններ չունենալու մասին:
Վերանայվել է նաև հեղինակազորման և լիցենզիայի գործողության կասեցման և դադարեցման պայմանները։
Հարակից զեկույցով հանդես է եկել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը՝ նշելով, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագծին։
Ներկայացված օրինագիծը մշակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:
