Հարկ վճարողների հետ շարունակվում են հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումները. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում է արդյունավետ համագործակցությունը հարկ վճարողների հետ։
Մասնավորապես, Հարկային մարմինը շարունակում է աջակցել հարկ վճարողներին և իրենց աշխատակիցներին՝ եկամուտների տարեկան հայտարարագրման մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով։
Միաժամանակ, մինչև 50 աշխատակից ունեցող կազմակերպությունների համար ՊԵԿ-ը պատրաստակամ է իրազեկման հանդիպումներ կազմակերպել ՊԵԿ ուսումնական կենտրոնում, իսկ ՀՀ մարզերի կազմակերպությունների համար՝ համապատասխան տարածքներում:
Հետաքրքրված հարկ վճարողները կարող են Կոմիտեին տեղեկացնել՝ HVSV3@taxservice.am էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։ Կարող են դիմել ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ ՀՀ մարզերում գտնվող կազմակերպությունները:
Անհրաժեշտ է էլեկտրոնային փոստին ուղարկել այցելության համար նախընտրելի օրը, ժամը և հասցեն, ըստ անհրաժեշտության նշել, որ ցանկանում են հանդիպումն անցկացվի ՊԵԿ ուսումնական կենտրոնում կամ մարզերի համապատասխան տարածքներում։
Հաշվի առնելով Հարկային մարմնի սպասարկման վարչության աշխատակիցների ծանրաբեռնվածությունը՝ այցելության կամ հանդիպման օրը և ժամը փոփոխվելու դեպքում, նախապես կհամաձայնեցվի կազմակերպության հետ:
Կոմիտեն նաև տեղեկացնում է, որ քաղաքացիները հայտարարագրման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող են այցելել Հարկային մարմին՝ ցանկացած սպասարկման սրահ:
ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման բաժիններն աշխատում են երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-18:00-ն՝ առանց ընդմիջումների։
