Նախագիծ. կհստակեցվի հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման գործընթացը

Online Education. Cute little Girl Study At Home With Laptop And Wireless Headphones, Adorable Kid Having Web Lesson With Teacher, Enjoying Distance Learning During Quarantine Time, Free Space

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Համաձայն հիմնավորման՝ գործող կարգավորումներում նախատեսված չէ դասերը հեռավար իրականացնելու դեպքում ավարտական քննությունները հեռավար կազմակերպելու հնարավորությունը: Նոր կարգավորմամբ՝ նախատեսվել է դրույթ, համաձայն որի՝ կրթության շարունակականությունն ապահովելու համար հանրակրթական հիմնական կրթական ծրագրերով հեռավար ուսուցումը կարող է կազմակերպվել նաև այն դեպքում, երբ ուսուցիչն ունի առկա ուսուցումն անհնարին դարձնող բուժման կարիք, որի ժամանակ ուսուցչի կողմից իր դպրոցի սովորողների համար կարող է իրականացվել առավելագույնը 10 աշխատանքային օր տևողությամբ հեռավար դասավանդում:

Նախագծով հստակեցվել է նաև, որ հեռավար ուսուցման ժամանակ 20 և ավելի աշակերտներից կազմված դասարանների դեպքում դասարանները կիսվում են: Սահմանվել է, որ հեռավար դասերի վերահսկողությունն իրականացնում է դպրոցի տնօրենի հրամանով նշանակված պատասխանատուն:

Գործող կարգից հանվել են հեռավար ուսուցման համալիր կայքէջի լատինատառ հղումները, քանի որ հետագայում հնարավոր է հղումներում կատարվեն փոփոխություններ, որոնք իրավական ակտի հետ կառաջացնեն անհամապատասխանություն:

Այսպիսով՝ առաջարկվող փոփոխությամբ խնդրահարույց հարցերը պարզեցվել են, որոնց շնորհիվ հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման գործընթացը կիրականացվի ավելի հստակեցված ընթացակարգով:

Քաղաքացիները և շահառու խմբերը իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչև դեկտեմբերի 3-ը:

You may also like...