Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ստորագրված վարկային համաձայնագրով կտրամադրվի 100 մլն եվրո

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2022 թ. նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ըստ հիմնավորման՝ համաձայնագրով նախատեսված 100 մլն եվրոն տրամադրվելու է երկու մասնաբաժիններով: Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը: Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է՝ հարկաբյուջետային պլանավորման, թափանցիկության, ռիսկերի կառավարման և այլն: Վարկը կտրամադրվի 20 տարով, որից 5 տարին՝ արտոնյալ ժամանակահատվածով:

Ինչպես նշել է Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, այս տարվա ընթացքում առանձնահատուկ համագործակցություն է տեղի ունեցել Ֆրանսիական զարգացման գործակալության հետ: «Բազմաթիվ ուղղություններով, հատկապես ֆինանսների կառավարմանը վերաբերող, զգալի մասնագիտական, փորձագիտական աջակցություն ենք ստացել: Դրանք օգնում են, որ մեր կողմից իրականացվող հարկաբյուջետային պլանավորման, թափանցիկության, ռիսկերի կառավարման, պետական գնումների համակարգի, կառավարության պարտքի կառավարման հարցերում ավելի հղկենք այն անելիքները, որոնք վերաբերում ենք մեր գալիք բարեփոխումներին: Եվ մեկ առանձնահատուկ կետ նույնպես ուզում եմ նշել. հաշվի առնելով ավելացող համագործակցության ծավալները՝ Ֆրանսիական զարգացման գործակալությունը որոշում է կայացրել Երևանում բացել մշտական ներկայացուցչություն»,-ասել է նախարարը։

Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է նաև չզեկուցվող հարցերի փաթեթով հաստատված մեկ այլ որոշմանը՝««Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված «Հարկաբյուջետային կայունության եվ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Վարկային համաձայնագրով նախատեսված 100 մլն ԱՄՆ դոլարն ևս ուղղվելու է «ՀՀ 2022 թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը:

You may also like...