Հնդկաստանի հետ գործընկերության համապարփակ խորացումը Հայաստանի համար առաջնահերթություն է․ ՀՀ ԱԳՆ

Այսօր Հայաստանը և Հնդկաստանն ունեն բազմաշերտ համագործակցություն, որը շարունակում է դինամիկ զարգանալ: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ երկուշաբթի օրը Նյու Դելիում ելույթ ունենալով Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում (ICWA):

«Հնդկաստանի հետ գործընկերության համապարփակ խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն է, և մենք այս հարաբերություններին նայում ենք երկարաժամկետ տեսանկյունից», — ՀՀ ԱԳՆ լրատվականի փոխանցմամբ՝ ասել է Միրզոյանը:

«Վերջին տարիներին մեր հարաբերություններում նկատվել է զգալի առաջընթաց: Ես անպայման պետք է ընդգծեմ այստեղ, որ սա հնարավոր է եղել իմ սիրելի ընկերոջ և գործընկերոջ՝ դոկտոր Ջայշանկարի անձնական ներդրման և ամուր նվիրվածության շնորհիվ:

Համատեղ ջանքերի և վճռական հանձնառության շնորհիվ մենք հասել ենք շատ կոնկրետ արդյունքների փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ տնտեսություն, անվտանգություն և պաշտպանություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, կրթություն և մշակույթ», — ընդգծել է նախարարը:

«Մենք ուսումնասիրում ենք Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև ռազմավարական կապերի հետագա ամրապնդման հսկայական ներուժը», — հայտարարել է Արարատ Միրզոյանը:

Նախարարը հանգամանալից անդրադարձ է կատարել նաև տարածաշրջանային և միջազգային բնույթի հարցերի:

You may also like...