Սաուդյան Արաբիայի թագաժառանգը հանդիպել է Զելենսկիի հետ
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։
Ինչպես նշվում է, ընդունելության արարողությունը տեղի է ունեցել Ջիդդայի Ալ-Սալամ պալատում։ Երկու ղեկավարները նաև պաշտոնական բանակցություններ են վարել։

Հիշեցնենք՝ Զելենսկին Ջիդդա է ժամանել երկուշաբթի օրը՝ ամերիկա-ուկրաինական հանդիպման նախօրեին։
«Երկուշաբթի օրը ես նախատեսում եմ այցելել Սաուդյան Արաբիա՝ հանդիպելու թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդին: Դրանից հետո իմ թիմը կմնա Սաուդյան Արաբիայում՝ աշխատելու մեր ամերիկացի գործընկերների հետ»,- ավելի վաղ հայտնել էր նա:
Մարտի 10-ին նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն է ժամանել Ջիդդա և հանդիպել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի հետ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ Պետդեպարտամենտը, Ռուբիոն երկուշաբթիից չորեքշաբթի կմնա Ջիդդայում և կհանդիպի ուկրաինական պատվիրակության հետ՝ «մոտենալու նախագահ Դոնալդ Թրամփի՝ ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տալու նպատակին»։
ԱՄՆ-ուկրաինական առաջիկա հանդիպումը նախատեսված է մարտի 11-ին։
