Պարզեցվել եվ համակարգված է դարձել հարկային պարտավորությունների եվ դեբետային գումարների հաշվառման գործընթացը. ՊԵԿ (տեսանյութ)
2025 թվականի հունվարի 1-ից ներդրվել է հարկային պարտավորությունների հաշվառման նոր համակարգ, ինչի արդյունքում պարզեցվել և առավել համակարգված է դարձել հարկային պարտավորությունների ու դեբետային գումարների հաշվառման գործընթացը:
Փոխվել է նաև ԵԱՏՄ-ից ներմուծված ապրանքների համար վճարված ԱԱՀ գումարների հաշվանցման կարգը, մինչդեռ ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման, ինչպես նաև հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետները մնացել են անփոփոխ։ 2025թ. հունվարի մեկից ներմուծված ապրանքների ԱԱՀ-ի հաշվանցումը կարող է իրականացվել ներմուծման օրը ներառող ամսում և նույն ժամանակահատվածի արդյունքներով էլ հետ ստանալ հաշվարկով առաջացած դեբետային գումարները, եթե այդ ամսում միաժամանակ ներկայացվել են այդ ապրանքների համար ներմուծման հարկային հայտարարագիրը և վճարվել է ներմուծման ԱԱՀ-ի գումարը։
Սակայն եթե ներմուծման ամսում տնտեսվարողը վերոնշյալ երկու պահանջը չի կատարել, ապա այս դեպքում ԱԱՀ-ի հաշվանցումը կարող է իրականացնել հաջորդ ամսում, այսինքն՝ տնտեսվարողը կարող է այդ գումարը հետ ստանալ հաջորդող ամսվա արդյունքներով, եթե, իհարկե, մինչև այդ ամսվա 20-ը վճարել է ԱԱՀ-ն և ներկայացրել ներմուծման հարկային հայտարարագիր։
Փոփոխությունները հնարավորություն են տալիս կրճատել ոչ ռիսկային դեբետային գումարների վերադարձման գործընթացը, ինչի արդյուքնում տնտեսվարողները կկարողանան առավել արդյունավետ կառավարել իրենց ֆինանսական հոսքերն ու ժամանակը։
