Բաքուն թույլ չի տալիս Անկարային երկխոսություն սկսել Երեվանի հետ. թուրք լրագրողը վերլուծություններ է արել
Թուրք լրագրող Բարչըն Յինանչը, որը թուրք լրագրողների հետ Հայաստանում է, turkeyindepth.com կայքում վերլուծել է Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները և դրանց ազդեցությունը տարածաշրջանի ու Թուրքիա-Հայաստան հարաբերությունների վրա։
Այս համատեքստում Յինանչը հետևյալ շեշտադրումներն է արել․
Ալիևը Հայաստանի հետ հարաբերություններում Անկարային մանևրելու որևէ հնարավորություն չի թողնում։
Բաքուն թույլ չի տալիս Անկարային երկխոսություն սկսել Երևանի հետ՝ չնայած Ղարաբաղյան պատերազմի ավարտին և Բաքվի ու Երևանի միջև ընթացող խաղաղության բանակցություններին։
Թեև Թուրքիան նախապես խոստացել էր զուգահեռ երկխոսություն, սակայն Բաքուն ցանկանում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիան սկսի միայն Բաքու-Երևան վերջնական համաձայնությունից հետո։
Յինանչն անդրադարձել է նաև Անկարայի քայլերին, որոնք Բաքվի կողմից դիմադրության են հանդիպում: Մասնավորապես՝
Թուրքիան հորդորում է Ադրբեջանին արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրումը, սակայն Ալիևը անտեսում է այս կոչերը։
Թուրքիան Նիկոլ Փաշինյանին տեսնում է որպես կարևոր հնարավորություն՝ խաղաղության հասնելու համար, սակայն Ադրբեջանը շարունակում է կոշտ դիրքորոշում ցուցաբերել։
Տարածաշրջանում երկու երկրների տարբերվող մոտեցումների և շահերի վերաբերյալ թուրք լրագրողը հետևյալ շեշտադրումներն է արել․
Ուկրաինայում սեփական պայմաններով խաղաղության հասնելու դեպքում Ռուսաստանը կարող է ուշադրությունը թեքել դեպի Կովկաս։ Սակայն սա Ադրբեջանին չի անհանգստացնում, քանի որ վերջինի համար ավելի շահեկան է ունենալ թույլ Հայաստան ՌԴ ազդեցության տակ, քան անկախ արևմտամետ Հայաստան, որը կուժեղանա ժամանակի ընթացքում։
ԽՍՀՄ փլուզումից հետո Կովկասում ԹՀ-ն տարածաշրջանի երկրների՝ ՌԴ-ից կախումը նվազեցնելու քաղաքականություն է վարել՝ առանց թշնամանալու վերջինի հետ։
Ըստ հոդվածի հեղինակի, չնայած վերոնշյալ տարբերություններին, Բաքվի վրա ազդելու Անկարայի լծակները սահմանափակ են, իսկ Թուրքիայի խարխուլ տնտեսությունը Էրդողանին կախվածության մեջ է դնում Ալիևից, որը բավականին մեծ ներդրումներ է արել Թուրքիայում, իսկ պատերազմից հետո մերձիշխանական ընկերություններին ԼՂ-ում շինարարության թույլտվություն է տվել։
Ավելին, էներգետիկ կապերը երկու երկրների միջև չափազանց կարևոր են, քանի որ Թուրքիան ցանկանում է դառնալ էնեգետիկ հանգույց։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հարցազրույց է թվել թուրքական լրատվամիջոցներին:
ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը, նպատակ ունենալով Թուրքիայի լայն հանրությանը հնարավորինս ուղիղ և հանգամանալից ներկայացնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու դիրքորոշումները, կազմակերպել է թուրքական լրատվամիջոցների մեդիատուր։
