ՀՀ ինքնիշխանության ու իրավազորության կտորները ինչու՞ եք կտրում, մի քիչ պատասխանատվություն ունեցեք. Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է որոշ լրատվամիջոցների հրապարակումներին՝ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցի մեկնաբանության հետ:

«Ադրբեջանին ռուսական վերահսկողությամբ միջանցք տալու երդվյալ ջատագովներին սպասարկող լրատվականները մեկը մյուսին հերթ չտալով վերնագիր են տալիս, — «Վարչապետն ասել է՝ ճանապարհ ենք տալու Ադրբեջանին»։

Այ ձյուն գա ձեր՝ հազար երկրի գործակալ փայատերերի գլխներին, բա Հայաստանի ինքնիշխանության ու իրավազորության մասին կտորները ինչու՞ եք կտրում, հասկանում եմ, որ ձեր շեֆերը Հայաստանի ինքնիշխանություն ու Հայաստանի իրավազորություն բառերից խրոնիկ ալերգիա ունեն ու կարող է նույնիսկ նոպայի շրջանակներում գետին ընկած ցնցումներ ստանան այդ բառակապակցությունից, բայց ամեն դեպքում գոնե մի քիչ պատասխանատվություն ունեցեք ձեր ընթերցողների առաջ։

#քեշովՎերնագիր #փեշակ #ինչտաստաս»»,- գրում է Ալեքսանյանը:

Հիշեցնենք՝ անդրադառնալով հաղորդակցությունների ապաշրջափակմանը, վարչապետն ասել է. «Ես ոչ միայն չեմ բացառում, այլև հաստատում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է հաղորդակցությունները տրանսպորտային և տնտեսական ուղիները ապաշրջափակել, այդ թվում Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության շրջանակներում, և դա ձևակերպել եմ բազմիցս»:

You may also like...