Բոլոր երկաթուղիները, ճանապարհները, ենթակառուցվածքները գործելու են ՀՀ ինքնիշխանության ներքո. Միրզոյան

«Համաձայնեցված համաձայնագրի տեքստում կա երկկողմ պատրաստակամություն՝ համագործակցելու տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տրանսպորտային, տրանզիտ, տնտեսական հարցերում»:

Այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ հայտարարությունից հետո հանրության շրջանում հնչել են մտահոգություններ ու շահարկումներ:

«Մեր մոտեցումն ապաշրջափակմանը շատ լավ հայտնի է, և փոփոխություններ չի կրել: Մենք ներկայացրել ենք այդ մոտեցումը»,- ասել է Միրզոյանը:

Նախարարի խոսքով՝ հայկական կողմը կառուցողական, երկուստեք ընդունելի առաջարկ է ներկայացրել ադրբեջանական կողմին:

«Այդ առաջարկը հետևյալն է՝ նախ ապաշրջափակել երկաթուղիները, հնարավորություն տալ երկու երկրներին օգտվել միմյանց երկաթուղային ցանցերից: Ինչպես ամբողջ աշխարհը, մենք ևս կարծում ենք, որ կարող ենք որոշակիորեն պարզեցնել սահմանազատման գործընթացը՝ ապահովելու բեռների ավելի սահուն ընթացք:

Բայց ինչպես նախկինում, վաղն էլ մեզ համար անբեկանելի ընկալում և պայման է, որ բոլոր ենթակառուցվածքները, որոնք կապաշրջափակվեն, մնալու են և գործելու են այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքում գտնվում են: Ավելի պարզ և ուղիղ ասեմ՝ ՀՀ բոլոր երկաթուղիները, բոլոր ճանապարհները, ենթակառուցվածքները մնալու են և գործելու են ՀՀ ինքնիշխանության ներքո ու օրենսդրությանը համապատասխան:

Մենք նաև կարծում ենք, ինչպես և նախկինում, համոզված ենք, որ որևէ երրորդ ուժերի կողմից այդ ենթակառուցվածքների վերահսկման կարիք չկա: Բեռների անվտանգության ապահովման համար կարող են գործադրվել քաղաքակիրթ աշխարհին հայտնի տարբեր մեխանիզմներ»,- մանրամասնել է նախարարը:

You may also like...