Ռուբիոն Լավրովին տեղեկացրել է հութիների դեմ ԱՄՆ ռազմական գործողության մասին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն զանգահարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին և իր ռուս գործընկերոջը հայտնել Կարմիր ծովի տարածաշրջանում հութիների դեմ ռազմական գործողություններ սկսելու ԱՄՆ որոշման մասին։
«Մարտի 15-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև, որի ընթացքում ամերիկյան կողմը տեղեկացրել է Կարմիր ծովի տարածաշրջանում հութիների ուժերի դեմ ռազմական գործողություններ սկսելու որոշման մասին:
Ի պատասխան ամերիկացի ներկայացուցչի կողմից ներկայացված փաստարկների՝ Սերգեյ Լավրովն ընդգծել է ուժի կիրառման անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը, բոլոր կողմերի համար քաղաքական երկխոսության գնալու կարևորությունը՝ հետագա արյունահեղությունը բացառող լուծում գտնելու նպատակով»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ինչպես նշել են ՌԴ ԱԳՆ-ից, հեռախոսազրույցի ընթացքում «քննարկվել են նաև փետրվարի 18-ին Էր Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման ընթացքում ձեռք բերված փոխըմբռնման իրականացման կոնկրետ ասպեկտները»։
Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգները «վճռական և հզոր» օդային հարվածներ է հասցրել Եմենում հութի ապստամբներին, ասել է նախագահ Դոնալդ Թրամփը՝ վկայակոչելով Կարմիր ծովում գրոհայինների հարձակումները նավթի և վառելիքի բեռնափոխադրման աշխարհի կարևորագույն երթուղիներից մեկում:
Հութիների կողմից վերահսկվող առողջապահության նախարարությունը հայտնել է, որ զոհվել է 31 և վիրավորվել ավելի քան 100 մարդ:
