Բաքվում շարունակվում է ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը. ցուցմունք է տվել Մնացականյանը

Բաքվի ռազմական դատարանուն շարունակվում է ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության և գերեվարված քաղաքացիական անձանց նկատմամբ դատավարությունը:

Այս դատական նիստի ընթացքում ցուցմունք է տվել ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը:

2548 դրվագով հավաքված կեղծ և ակնհայտ հորինված ապացույցների հիմքով որպես մեղադրյալներ են անցնում ընդհանուր առմամբ 15 անձինք՝ ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, ԼՂ Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ԼՂ արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև քաղաքացիական անձինք՝ Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը:

ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունն առանձնացվել և քննվում է առանձին վարույթով:

Ադրբեջանի գլխավոր դատախազի որոշմամբ՝ 1987-ի հոկտեմբերից մինչև 2024-ի ապրիլի 22-ն ընկած ժամանակահատվածում կատարված իբր  «հանցագործությունների» առնչությամբ գլխավոր դատախազության և երկրի այլ քննչական մարմինների քննած 1389 քրեական գործերը միավորվել են մեկ վարույթում։

Շինծու մեղադրանքներով ռազմական հանցագործությունների համար մեղադրվող հայերի դատավարությունները մեկնարկել են հունվարի 17-ից:

You may also like...