Բոլորի թիկնազորներին պետք է ստուգեն, որովհետեվ չգիտենք՝ ցանկացած մարդու թիկնազորը ինչո՞վ է զբաղվում. Խաչատուր Սուքիասյան
Շատ լավ են արել, բոլորի թիկնազորներին պետք է ստուգեն, որովհետև չգիտենք թե ցանկացած մարդու թիկնազորը ինչով է զբաղվում։
Այս մասին Աժ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով իր թիկնազորի անդամերին բերման ենթարկելու դեպքին:
Սուքիասյանը նշեց, որ այդտեղ պետք է այլ մեխանիզմներ մտածեն: «Նոր օրենք պետք է գրվի, դրանք պետք է ավելի կանոնակարգված բնույթ կրեն»,- ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ չգիտի՝ ինչ էին փնտրում իր թիկնազորի անդամների մոտ: «Ի՞նչ է նշանակում զենք փնտրել, դրա համար պետք է օպերատիվ տվյալներ իմանալ, հետո փնտրեն: Եթե փնտրելու բան չկա, չեն փնտրի, դա էլ թող հասկանան որ զենք փնտրելով չի, այլ պետք է իմանան զենքը կա՞, հատուկ գործիքներով որով կարող են իմանալ: Բայց դա ուղղակի օպերատիվ տվյալ է եղել, ոստիկանությունն իրավունք ունի ցանկացած բան ասի՝ ելնելով իր օպերատիվ տվյալներով»:
Սուքիասյանը նշեց, որ գետին տապալել չի եղել: «Այդ գետին տապալելը դարձրել եք օգտագործման թեմա, հրավիրել են, պարզաբանումներ են վերցրել, ինչի համար ես ողջունում եմ նման գործելաոճը: Նախապես զգուշացրել էին, ուղղակի ես Հայաստանում չէի»,- հավելեց նա:
