Երեվանը հերքել է Բաքվի մեղադրանքները հայկական զինուժի կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու վերաբերյալ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե հայկական զինված ուժերը կրակել են սահմանի արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

ՊՆ-ի հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ի ժամը 22։15-ից մինչև մարտի 18-ի 00։20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Ադրբեջանի պաշպանության նախարարությունը մարտի 16-ից պարբերաբար կեղծ տեղեկություններ էր տարածում հայկական զինված ուժերի կողմից սահմանի տարբեր հատվածներում իբր ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու վերաբերյալ։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած բոլոր կեղծ հաղորդագրությունները կրակոցների վերաբերյալ։ Մարտի 17-ին ադրբեջանական կեղծիքը հերքեց նաև Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը։

Առաքելությունը հայտնել էր, որ մարտի 16-ին և 17-ին դիտորդական առաքելության պարեկներն ուղարկվել են հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներ։ Նրանք նշել էին, որ սահմանին իրավիճակը շարունակում է մնալ հանգիստ և հանդարտ, անսովոր ակտիվություն չի նկատվել։

You may also like...