Դոնալդ Թրամփը մանրամասներ է հայտնել Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցից
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցը «շատ լավ և արդյունավետ» էր»:
Զրույցի ընթացքում «քննարկվել են խաղաղության պայմանագրի բազմաթիվ տարրեր», և այժմ, ըստ Թրամփի, «այս գործընթացը եռում է»:
«Մենք հույս ունենք, որ հանուն մարդկության մենք այն մինչև վերջ կտեսնենք»,- գրել է նա:
Մասնավորապես, երկրների ղեկավարները պայմանավորվել են դադարեցնել հարձակումները էներգետիկ և նավթային ենթակառուցվածքների վրա ուկրաինական հակամարտության ընթացքում, նշել է Թրամփը։
Նրա խոսքով՝ կողմերը հասկանում են, որ պատրաստվում են հասնել «լիակատար հրադադարի» և «դադարեցնել հակամարտությունը» Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։
Սպիտակ տունն ավելի վաղ հայտնել էր, որ առաջնորդները նաև համաձայնել են տեխնիկական բանակցություններ սկսել Սև ծովում հրադադարի, համապարփակ զինադադարի և մշտական խաղաղության հաստատման համար:
Այս բանակցությունները անմիջապես կսկսվեն Մերձավոր Արևելքում, հայտնել են Սպիտակ տանը։
Կրեմլն իր հերթին նշել է, որ Պուտինն արդեն հրաման է տվել զինվորականներին այն բանից հետո, երբ «Ռուսաստանը և Ուկրաինան փոխադարձ համաձայնել են» չհարվածել էներգետիկ ենթակառուցվածքներին, հաղորդում է Կրեմլը։
Հիշեցնենք՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կտրուկ է արձագանքել այն խոսքերին, թե Ուկրաինան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «մենյուում» է։ Նա պատասխանել է ռազմական վերլուծաբան Մայքլ Քլարկին, որը Sky News-ին տված հարցազրույցում խոսել է Ուկրաինայի՝ բանակցությունների սեղանից բացակայելու մասին։
«Մենք աղցան կամ կոմպոտ չենք, որ Պուտինի ճաշացանկում լինենք՝ չնայած նրա ախորժակներին»,- ասել է նա:
Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն էլ, ի պատասխան, Ուկրաինայի հարցով բանակցությունները համեմատել է «ընթրիքի սեղանի» հետ, ըստ նրա՝ հիմնական ուտեստը եղել է «Կիևյան կոտլետ»-ը:
