Հայաստանը խաղաղություն չի մուրում, այլ ուզում է․ Անդրանիկ Քոչարյան

Ադրբեջանը միշտ էլ ապատեղեկատվություն արել է, և հիմա էլ շարունակում է։

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով վերջին մի քնաի օրերին Ադրբեջանի տարածած ապատեղեկատվություններին, թե հայկական կողմը սահմանին կրակ է արձակում։

«Ունեն իրենց նպատակը, որ լարվածության օջախ պահեն Հայաստանում, և դա իրենց հաջողվում է, որովհետև հիմա մենք դա ենք քննարկում։ Բայց դա խաղաղության օրակարգի Հայաստանի պատկերացումներում չի տեղավորվում»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, որով նա ՀՀ պաշտպանական գերատեսչությանը հանձնարարել է հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել՝ շեշտելով՝ Հայաստանը գնում է խաղաղության, ոչ թե պատերազմի, Քոչարյանը պարզաբանեց․

«Զինված ուժերի մոտ ոչ թե զգոնության պակասի խնդիր է առաջանալու, այլ զգոնությունը ավելի ավելացնելու, ամենաբարձր մակարդակով դա ասվեց։ Սահմանային իրավիճակին հետևում ենք, եթե վտանգ տեսնենք, զինված ուժերը վտանգի մասին ոչ թե խոսում են, այլ իրականացնում են իրենց իրավասությունների սահմաններում գործողություների պլան, որը, ըստ անհրաժեշտության, իրենք կիրառելու են»։

Նա շեշտեց՝ Հայաստանը խաղաղություն չի մուրում, այլ ուզում է․ «Խաղաղությունը պետք է Ադրբեջանին, մեր հարևան բոլոր երկրներին, որովհետև խաղաղությունն է բոլորի նպատակը, ինչքան էլ կռվես, կռիվ անելը հեշտ է, խաղաղության հասնելն է դժվար։ Խաղաղությունը դա մարդկային կյանք է, կորուստներ են, պետությունների քանդման հնարավորությունն է, ինչո՞ւ չապրել խաղաղ պայմաններում»։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է սկսել խորհրդակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։

Միևնույն ժամանակ Կառավարության ղեկավարը հայտնել է, որ ՀՀ պաշտպանական գերատեսչությանը հանձնարարել է հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել՝ շեշտելով՝ Հայաստանը գնում է խաղաղության, ոչ թե պատերազմի։

Ի պատասխան Հայաստանից հնչող խաղաղասիրական հայտարարությունների և կոչերի՝ պաշտոնական Բաքուն, որը օրեր առաջ հաստատել էր, որ խաղաղության պայմանագրի բոլոր կետերը համաձայնեցված են, հետքայլ է կատարել և հայտարարել, թե խաղաղության պայմանագիր կստորագրեն այն ժամանակ, երբ Հայաստանը փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ:

You may also like...